Մեր հարգելի գործընկեր Արամ Աբրահամյանն այսօր «Առավոտի» իր խմբագրականում կանխատեսումներ է արել, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա ամիսներին և 2021 թվականին:
Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ կտանք ոչ մի պարագայում այն չկարդալ: Շատ ապոկալիպտիկ պատկեր է ստացվել: Անվտանգության հանձնում ռուսներին, թուրքերի հետ արիշ-վերիշներ՝ մեր հաշվին, տնտեսական ճգնաժամ, հումանիտար աղետ, փախստականներ, արտագաղթ... Մի խոսքով, թող ու փախի: Խմբագրականը վերնագրվել է. «Պարտվողներին չեն սիրում»:
Բայց ավելի ուշագրավ էր ոչ թե Արամ Աբրահամյանի հոդվածը, այլ օգտատերերից մեկի արձագանքը, որը գրել էր. «Մեր մոտ նույնիսկ հաղթողներին չեն սիրում, ուր մնաց՝ պարտվողներին»:
Չափազանց դիպուկ դիտարկում է: Որը ճիշտ է ոչ միայն մեր ժամանակների, այլ ընդհանրապես՝ հայոց պատմության տարբեր էջերի համար:
25 տարի շարունակ Հայաստանում հաղթողների նկատմամբ ատելության այնպիսի քարոզչություն է տարվել` հանրության շրջանում նրանց ներկայացնելով որպես ազգի դավաճաններ, հող հանձնողներ, գործակալներ, նսեմացրել են մեր ձեռբերումների իրական նշանակությունը, դրանց կարևորությունը, փորձել են իրենց պատմության գրքերում հնարավորինս ջնջել հաղթողների անունները, հաղթողների հաջողությունները իրենց են վերագրել, իրենց տգիտությունը, նյութապաշտությունն ու անասնական ամբիցիաները՝ հաղթողներին:
Արդյունքում Հայաստանն ու Արցախը աղետի հասցրեցին: Որովհետև իրենք միայն իրենց ինքնակենսագրականներում ու սեփական քարոզչամեքենաներում են հաղթող, բայց կյանքը ցույց տվեց նրանց իրական արժեքը:
Ու խոսքը միայն իշխանություններին չի վերաբերում: Դրանից ավելի շատ սա վերաբերում է այսօր հարթակում գտնվող ընդդիմադիր ուժերին: 25 տարի շարունակ սրանք մսխել են մեր հաղթանակները, հարվածել մեր պետականությանը, իսկ այսօր եկել են՝ թե բա Նիկոլը հանձնեց հողերը: Իրար հետ եք հանձնել, ինչի՞ միայն Նիկոլը: Իրար հետ միասին չեք սիրել հաղթողներին, իրար հետ միասին էլ պիտի կրեք պարտության պատասխանատվությունը:
Այո, Արամ Աբրահամյանը ճիշտ է. պարտվողներին չեն սիրում: Դրա համար էլ հանրությունն այսօր ոչ միայն Նիկոլին, այլ նաև՝ ընդդիմությանը չի սիրում: Երկուսին էլ պարտվող է համարում: Որովհետև հաղթողին չսիրողը, հաղթանակները չգնահատողը միշտ պարտված է դուրս գալիս: Մարդկության պատմությամբ է սա ապացուցված:
Հ.Գ. Իսկ Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդացեք: Շատ էլ որ ասում ենք, թե մի կարդացեք: