Արդեն քանի օր է, ինչ քոչարյանական քարոզչամեքենան, նրանց վարձկանները Իսրայել Հակոբկոխյանի հացադուլի վերաբերյալ իրենց ամենօրյա ռեպորտաժներում, ստատուսներում ներկայացնում են, թե տեսեք, ինչպես են վերաբերվում աշխարհահռչակ մարզիկին, ինչ օրն են գցել, այսպիսի աննախադեպ հացադուլ չի եղել և այլն:
Մենք ուղղակի չենք կարող անարձագանք թողնել սա և ստիպված ենք մի քանի բան հիշեցնել:
Իսկ դուք գիտե՞ք, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո տասնյակ ազատամարտիկներ մինչև անժամկետ հացադուլ էին հայտարարել՝ ի աջակցություն իրենց քաղբանտարկյալ ազատամարտիկների: Շատերը մինչև երեք շաբաթ են շարունակել հացադուլը: Եվ միայն ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորներից հետո ազատամարտիկները դադարեցրին իրենց հացադուլը: Քոչարյանական ոչ մի հեռուստաալիք, իսկ այն ժամանակ միայն քոչարյանական հեռուստաընկերություններ էին, գոնե մի անգամ չեն լուսաբանել ազատամարտիկների հացադուլը, չեն ներկայացրել նրանց պահանջները:
Իսկ դուք գիտե՞ք, որ 2011 թվականին կալանավորել և դատապարտել էին նախկին բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ազատամարտիկ Սամսոն Խաչատրյանին: Սա էլ՝ Սերժ Սարգսյանի օրոք: Եվ ինչի՞ համար էին կալանավորել. ՀԱԿ-ի հրավիրած ցույցի ժամանակ ոստիկաններից մեկը սկսել էր հարվածել մի կնոջ, Սամսոն Խաչատրյանը փորձել էր դա թույլ չտալ, բռնել-դատել էին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Քանի՞ քոչարյանա-միշիկական լրատվամիջոց է լուսաբանել այդ խայտառակությունը:
Իսկ դուք գիտե՞ք, թե նույն Իսրայել Հակոբկոխյանը ինչ է ասել Սամսոն Խաչատրյանի դեմ հալածանքների վերաբերյալ: Մեջբերում ենք. «Եթե Կոնգրեսի այդ սուտ հավաքը չլիներ, այդ միջադեպն էլ չէր լինի, Սամսոնն էլ չէր միջամտի: Ես կարծում եմ, որ դա պատահական է ստացվել: Մասնագիտության բերումով իր մոտ հակադարձ ռեակցիան է աշխատել: Հրել են, ինքն էլ իր ձևով է հրել: Պատվերով համերգներ են կատարվում: Մի կողմից՝ անհասկանալի էր, մյուս կողմից էլ՝ շատ ուրախացա՝ մեր ոստիկաններն ու ղեկավարությունն այնքան խելացի գտնվեցին, որ հնարավորություն տվեցին ցուցարարներին Ազատության հրապարակ մտնելու»:
Չգիտեի՞ք: Դե, իմացե´ք: Ու հիմա իրար կողքի դրեք Սամսոն Խաչատրյան-քաղաքացուն և Իսրայել Հակոբկոխյան-քաղաքացուն: Դրեք, համեմատեք ու ինքներդ որոշեք, թե ով է քաղաքացու կոչումը բարձր պահել: