Հարս և զվարճալիք
Այս շաբաթ բավական հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, չգիտենք էլ ներսից սկսե՞նք, թե՞ դրսից:
Չէ, երևի ներսից, քանի որ Լուկաշենկոյի շուրջ զարգացումները դեռ շատ ջուր են քաշելու: Եվ հետո, մենք արդեն ճանաչել ենք իր ընտրությունը, շնորհավորել, կենացը խմել: Մենք մեր մասով ասելիք չունենք: Բելառուսի ժողովուրդն ունի:
Սերժ Սարգսյանը այդքան երկար անոնսված ասուլիսը տվեց: Մի քանի ժամ տևած այդ ասուլիսի վերաբերյալ մի քանի հարց առաջացավ, որոնք ընդհանրապես կապ չունեն ասուլիսի բովանդակության հետ:
Բնականաբար, առաջին հարցը, թե ինչո՞ւ ասուլիսը կայացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Էթիկայի և բարոյականության տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ պետության նախկին ղեկավարը իր առաջին մեծ ասուլիսն անցկացնում է այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն պատկանող օբյեկտում, մանավանդ որ այդ օբյեկտում տարիներ առաջ գազանաբար սպանվել է ՀՀ ԶՈՒ սպան: Դա ի՞նչ է, հարգանքի տո՞ւրք էր Վահե Ավետյանին, թե՞ հետախուզման մեջ գտնվող, ՌԴ անձնագրով Հայաստանի ընտրական գործընթացներին մասնակցած անձին:
Երկրորդ հարցը. այս ասուլիսի իմաստը: Եթե Սերժ Սարգսյանն անդրադառնար ներքաղաքական զարգացումներին, 2018թ. թավշյա հեղափոխության հետ կապված ինչ-որ փակագծեր բացեր, տնտեսությունից խոսեր, աղմկահարույց դատավարություններից, ապա դա նորմալ կդիտարկվեր: Երկրի նախկին ղեկավարն է, ցանկալի է լսել իր տեսակետները այսօրվա Հայաստանի մասին: Բայց իր ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Ապրիլյան պատերազմին, դրան առնչվող տարատեսակ տեսակետներին, մեղադրանքներին, ԱԺ քննիչ հանձնաժողովին: Սա ամենահրատապ հա՞րցն էր այսօր: Ընդ որում, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը որևէ նոր բան չասաց: Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նրա տեսակետներն էլ են հայտնի, նրան քննադատողների տեսակետներն էլ: 400 հեկտար տվինք, թե 800, հաղթեցինք, թե պարտվեցինք... սրանք բանավիճելու թեմաներ են և այդ առումով «Հարսնաքարում» ոչ թե ասուլիս էր, այլ հեռակա բանավեճ նրանց հետ, ովքեր Սերժ Սարգսյանին մեղադրում էին Ապրիլյան պատերազմում այս կամ այն «ղալաթի» համար: Օրինակ՝ մենք ավելին էինք սպասում Սերժ Սարգսյանից:
Եվ վերջին շտրիխը. ասուլիսի հիմնական թեման բանակն էր, պատերազմը, մեր Զինված Ուժերի մարտունակությունը և այս ենթատեքստում շատ ավելի տգեղ էր, որ ասուլիսը կայանում էր զինվորական սպայի սպանության վայրում:
Սեփականաշնորհված հեղափոխությունը
Ինքնաասուլիս տվեց նաև Նիկոլ Փաշինյանը: Իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջացել վերջին ամիսներին: Դատական իշխանություն, ՍԴ ճգնաժամ, Մարտի 1-ի դատավարության փլուզում, հանցագործների բաց թողում, կադրային անհասկանալի նշանակումներ, տնտեսական խնդիրներ, ներքաղաքական զարգացումներ:
Ու այս բոլոր հարցերը թողած, վարչապետն ընկել է նրանց հետևից, որոնք հեղափոխության հետագա ճակատագրով են մտահոգված, որոնք իշխանություններին մեղադրում են բարեփոխումները տապալելու, դրանք դանդաղ իրականացնելու, կամ, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չիրականացնելու մեջ, որոնք իշխանությունների հրաժարականը չեն պահանջում, որոնք դրսի ուժերին չեն սպասարկում կամ դրսից չեն ֆինանսավորվում:
Իսկ վարչապետն ասում է. դուք ի՞նչ գործ ունեք մեր հեղափոխության հետ: Դա մեր հեղափոխությունն է, դուք ո՞վ եք, որ մտահոգվեք հեղափոխության ճակատագրով:
Հա, Նիկոլ ջան, հեղափոխությունը ձերն է, կարող եք գնալ, նոտարով ամրագրել հեղափոխության բացառիկ իրավունքները, որ բացի ձեզանից, ոչ ոք իրավունք չունենա խոսել հեղափոխությունից: Բայց հեղափոխությունից զատ, կա Հայաստանի Հանրապետություն, որտեղ կան ՀՀ քաղաքացիներ, որոնց ապագայի պատասխանատվությունը հիմա ձեր ուսերին է: Այդ քաղաքացիների աջակցությամբ եք հեղափոխություն արել, նրանց քվեով եք իշխանություն ստանձնել, ու այդ քաղաքացիներից յուրաքանչյուրն իրավունք ունի և՛ քննադատել ձեզ, և՛ հիասթափվել, և՛ պահանջել: Դուք ձեզ քննադատողներին այդ տեսանկյունից պետք է մոտենաք, ոչ թե ձեզ վեր դասեք այդ քաղաքացիներից ու նրանց հետ հարաբերություններում առաջնորդվեք «բա դու ո՞վ ես» կարգախոսով:
Ընդդիմություն ե՞ք ուզում. ստացեք
Վերջին օրերի գլխավոր հացադուլավորը՝ Իսրայել Հակոբկոխյանը, դադարեցրեց իր շոուն: Ինչքան գառնիկ իսագուլյաններ կան, հավաքեց գլխին, նկարվեց, եթերներում հայտնվեց, հետո ասաց՝ վերջ, գնում եմ տուն, թե չէ Սոնա Աղեկյանը ուզում է հետս հացադուլ անի:
Ցավալի է, իհարկե, որ Սոնա Աղեկյանի պատճառով չլուծվեց ԼԳՏԲ-ի հարցը, չչեղարկվեցին Լանզարոտի և էլի ինչ-որ ապազգային կոնվենցիաներ, պատմության գրքերը թուրքերի ձեռքից չվերցրեցինք: Մարդը դրա համար այդքան սոված մնաց, ու ամբողջ չարչարանքը ջուրն ընկավ:
Բայց մեր ասելիքը Իսոն չէ: Որքան հասկացանք, իշխանությունները ցանկանում են, որ ահա այս բնույթի ընդդիմություն ունենան, քանի որ շարունակում են իրենցից վանել նորմալ, բանական, առողջ մտածելակերպով ուժերին, անհատներին, ակտիվիստներին: Այդ ամենի հետևանքով ստեղծվի աղճատված, այլասերված քաղաքական դաշտ, որտեղ իշխանությունները Իսրայել Հակոբկոխյանի պես ընդդիմադիրի կողքին Արիստոտել ու Էյնշտեյն կերևային: Որտեղ երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներն ու հիմնախնդիրները երկրորդ պլան են մղվելու՝ իրենց տեղը թողնելով մեյմունություններին ու տգիտությանը: Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի հիմնական ուղերձը դա էր. նա չպատասխանեց Հակոբկոխյանին, քանի որ այդտեղ պատասխանելու բան չկա, այլ պատասխանեց իր ձախողումները կետ առ կետ, քայլ առ քայլ մատնանշած ուժերին: Ու քանի դեռ այդ նորմալ ուժերը կան, Իսրայել Հակոբկոխյանը ընդդիմադիր դաշտում անելիք չի ունենալու:
«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020