...

Կրկնվող պատմություն, որը քչերը գիտեն

Կրկնվող պատմություն, որը քչերը գիտեն

Նախկին բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է իր հացադուլը: Պահանջները նույնն են՝ ԼԳՏԲ, ԱԳԼՃԿ, տարատեսակ կոնվենցիաների մերժում, պատմության ճիշտ դասագրքեր և այլն: 

Ներկայիս ջահելությունը, իհարկե, չգիտի, բայց ավագ սերնդի ներկայացուցիչները միգուցե հիշեն Չարլզ Հայդերին: Դա ամերիկացի աստղաֆիզիկ էր, որը 1986 թվականին հացադուլ էր հայտարարել Վաշինգթոնում՝ Սպիտակ Տան առջև: Եթե հավատանք խորհրդային պատմագրությանը, ապա Հայդերի հացադուլը տևել է 218 օր:

Ներկայիս սերունդը նույնիսկ չի կարող պատկերացնել, թե ինչպես էր Հայդերի հացադուլը լուսաբանվում ԽՍՀՄ-ում: Այն ժամանակ ընդամենը մի լրատվական ծրագիր կար՝ «Վրեմյան»: Այն պարտադիր սկսվում էր Չարլզ Հայդերից: «Աշխարհահռչակ գիտնականը շարունակում է իր հացադուլը», «Ամբողջ մարդկությունը հետևում է մեծ հումանիստի անդուլ պայքարին ընդդեմ ամերիկյան միլիտարիզմի», «Հայդերի պայքարը հանուն խաղաղության շարունակվում է» և նմանատիպ որակումներով էին սկսվում «Վրեմյայի» ռեպորտաժները: Գրեթե ամեն օր այդ գիտնականից հարցազրույց էին վերցնում, նրա լուսանկարները խորհրդային կենտրոնական թերթերի առաջին էջերից չէին իջնում, ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում աշխատավոր կոլեկտիվները ցույցեր էին անում՝ իրենց զորակցությունը հայտնելով մեծ գիտնականին ու հումանիստին: Եվ այսպես 200 օր շարունակ: 

Իսկ ահա ԱՄՆ-ում Հայդերի հացադուլն այդպես էլ աննկատ մնաց: Ամեն օր նրա կողքով մարդիկ գնում էին գործի, տուն գալիս, տեսնում էին, իհարկե, որ մի մարդ Սպիտակ Տան առջև նստած ակցիա է անում, մի երկու լրագրող-օպերատոր նրան խոսեցնում են, բայց դա ամերիկացիների համար շատ սովորական երևույթ էր, ամեն օր տասնյակ մարդիկ Սպիտակ Տան առջև նստացույց էին անում, վանկարկում, պլակատներ պարզում: Հազարավոր մարդիկ այնտեղով անցնում էին, ու ոչ ոք չգիտեր, թե այդ միրուքավոր մարդը ինչ է պահանջում: Էլ չգիտեին, որ ԽՍՀՄ-ում այդ մարդը արդեն քանի ամիս գլխավոր նյուսմեյքերն էր:

Հայդերը դրանցից մեկն էր, մանավանդ, որ նա ոչ մի աշխարհահռչակ չէր, միջին կարգի գիտաշխատող էր, բայց ԱՄՆ-ի հետ քարոզչական պատերազմում նման մեկը խիստ անհրաժեշտ էր, որովհետև այդ տարիներին ԽՍՀՄ-ում և ամբողջ աշխարհում թնդում էր Անդրեյ Սախարովի անունը: Իսկ Սախարովը իսկապես լուրջ դեմք էր: ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ ֆիզիկոս, ԽՍՀՄ-ում ջրածնային ռումբի հիմնական ստեղծողն էր: Ու երբ նա սկսեց քննադատել խորհրդային կարգերը, ԽՍՀՄ-ի միլիտարիստական քաղաքականությունը, միջուկային մրցավազքը, և Կրեմլը նրան սկսեց հալածել, Սախարովը Արևմուտքում ճանաչվեց որպես խորհրդային թիվ մեկ այլախոհ, դիսիդենտական շարժման ամենավառ ներկայացուցիչ:

ԽՍՀՄ-ի համար դա շատ ծանր քարոզչական ապտակ էր, դրա համար ընկած, հակաքայլ էին մտածում: Վերջը, Հայդերին կպցրին, ու վերջինս դարձավ իբր թե Սախարովի հակակշիռը Արևմուտքում: Նույնիսկ Հայդերի պահանջներն էին նույնը. սպառազինությունների մրցավազքի դադարեցում, ԱՄՆ-ն էլ պետք է հրաժարվի միջուկային զենքից և նրա փորձարկումներից: Մեկը մեկին նույն պահանջները: Ուղղակի պահանջ դնողները տարբեր քաշային կարգերում էին: Սախարովը դեմք էր, Հայդերը՝ ոչ ոք: Մինչև ինտերնետը չփորփրեք, իր մասին չեք իմանա:

Հիմա մենք Հայաստանում ունենք տեղական Հայդերին՝ Իսրայել Հակոբկոխյանին: Լրիվ նույն խորհրդային-պրիմիտիվ պատկերն է: Իհարկե, մենք բոլորս էլ Հակոբկոխյանին ճանաչում ենք, նա իսկապես անվանի բռնցքամարտիկ է եղել, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բայց հիմա ինքը հացադուլ է անում, ու ոչ ոք չգիտի, թե նրա ուզածն ինչ է: Վստահեցնում ենք, ինքն էլ չգիտի: Պահանջների ինչ-որ ստանդարտ հավաքածու է, կողքից ասել են, սա էլ կրկնում է: Ումից է պահանջում, ինչ է պահանջում, ում դեմ է հացադուլը, ինչ լուծումներ է տեսնում իր այդ իբր պահանջների համար, ոչ ոք չգիտի: 

Բայց քոչարյանական լրատվամիջոցները ամեն օր իրենց լուրերը սկսում են Իսրայել Հակոբկոխյանով: «Աշխարհահռչակ մարզիկը շարունակում է իր հացադուլը», «Ամբողջ հայությունը հետևում է մեծ մարդու անդուլ պայքարին ընդդեմ սորոսական լիբերալիզմի», «Հակոբկոխյանի պայքարը հանուն ազգային ինքնապահպանության շարունակվում է»: Վերնագրերն էլ են նույնը: Գնում են, ամեն օր նրանից հարցազրույց են վերցնում, ուղիղ միացումներ տալիս, քոչարյանական վարձկանները գնում, կողքը կանգնում, սելֆի-մելֆի են անում: Հատկապես շատ հզոր էր, երբ ղարաբաղյան շարժման, Հայաստանի անկախության գործընթացի մասնակիցներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, գնացել էր ու փարվում էր մի մարդու հետ, որի հագին CCCР գրությամբ շապիկ էր: Մի ուրիշ ժամանակ Դավիթ Շահնազարյանը կբռներ ու ծվեն-ծվեն կաներ այդ շապիկը, չէր էլ նայի, դիմացինն ով է: Но это было давно и неправда:

Այս պատմության մեջ միայն Իսրայել Հակոբկոխյանն է մեր մեղքը գալիս: Ուղղակի ցավալի է, որ այս մարդուն այսպես օգտագործում են քարոզչական նպատակներով: Սարքել են երկրորդ Հայդերը: Բայց եթե Իսոն թույլ է տալիս, որ իրեն օգտագործեն, մենք ի՞նչ ասենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ