Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «ԳՇ-ը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով: ԳՇ-ն և ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խուսափելով վերացնել պետականությանը սպառնացող մեծագույն վտանգը և չձերբակալելով վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին՝ շարունակում են դրսևորել քրեորեն պատժելի հանցավոր անգործություն»:
«ՉԻ». Փաստորեն, Օնիկ Գասպարյանը և մյուս գեներալներն ընդամենը մի քանի օրով էին հերոսներ: Թեպետ, մի քանիսի համեմատ ահագին երկար դիմացան հերոսի էպիտետին:
Օրինակ՝ Արմեն Սարգսյանը նույն ընդդիմադիրների համար առավոտյան հերոս է, երեկոյան՝ դավաճան: Ցերեկը պետականամետ գործիչ է, ճաշին՝ արդեն խամաճիկ:
Օնիկ Գասպարյանը ի՞նչ անի, որ դուք՝ ընդդիմադիրներդ, այնքան ապիկար եք, որ չեք կարողանում գոնե մի փոքր ավելացնել հասարակական աջակցությունը: Փետրվարի 20-ին, երբ դեռ չկար Գլխավոր շտաբի հայտարարությունը, կարողացաք 13000 մարդ հանել փողոց, ԳՇ-ի չտեսնված աջակցությունից հետո՝ միայն 10000: Հիմա Օնիկ Գասպարյանը ձեր գործն էլ ձեր փոխարեն անի՞: Թե՞ դուք չեք կարողանում մարդկանց փողոց հանել, բայց Գասպարյանը կարող է տանկերով դա փոխհատուցել:
Այս ամենից առաջնահերթ պետք է հետևություններ անի Օնիկ Գասպարյանը: Հասկանա, որ առաջին իսկ դժվարության դեպքում ընդդիմադիրներն իրեն միայնակ են թողնելու և քավության նոխազ են դարձնելու: