Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել է. «Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում: Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել»:
«ՉԻ». Ընդամենը 1 տարում արդեն պաշտպանության 4 նախարար է փոխվել: Էդիկ Բաղդասարյանի հարցադրումների պատասխաններն այստեղ են: Չորս նախարար է փոխվել: Կարո՞ղ է այդպես լինել, որ այս չորս նախարարներն էլ հայրենիքի սահմանները պաշտպանելու, սահմանները կահավորելու, ինժեներական աշխատանքներ իրականացնելու որևէ ցանկություն ունեցած չլինեն:
Լավ, համարենք, որ Դավիթ Տոնոյանը Սերժի մարդն էր, դրա համար լավ չէր աշխատում, Օնիկ Գասպարյանն էլ Քոչարյանի մարդն էր, իրեն էլ այնտեղ հանեցին:
Բայց Վաղարշակ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանը ոնց որ թե նախկինների հետ շատ կապ չունեին, վայելում էին Փաշինյանի վստահությունը, երկուսն էլ որոշ ժամանակ վարչապետի խորհրդականներ էին, հետո դարձան ՊՆ նախարարներ: Երկուսն էլ կադրային զինվորականներ են, երկուսն էլ ռազմական ճանապարհ են անցել: Հիմա ո՞նց կարող է այդպես լինել, որ իրենք էլ որևէ գործողություններ չիրականացրեցին, երբ ադրբեջանցիները Հայաստանի տարբեր հատվածներում առաջ եկան: Խելք չունեի՞ն, թե՞ համարձակություն:
Իսկ գուցե ադրբեջանցիների առաջխաղացումը թույլ չտալու և նրանց հակահարվածներ հասցնելու քաղաքական որոշում չի՞ եղել: Գուցե այս նախարարներին ասել են՝ ակտիվ քայլեր մի՞ արեք: Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, թե մենք գնացել ենք իրավիճակը չսրելու ճանապարհով, որ Ադրբեջանն ավելի լայնամասշտաբ քայլերի չգնա հանկարծ:
Ուզում ենք ասել, որ Արշակ Կարապետյանի կամ նրա նախորդների մեջ չէ խնդիրը, այլ իշխանությունների, որոնք ունակ չեն այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության շահերից բխող որոշումներ կայացնել, ՊՆ-ին հստակ ցուցումներ տալ, այնտեղ էլ իմանան իրենց անելիքը: Եթե քաղաքական իշխանություն չկա, նախարարն էլ պիտի շատ-շատ եղունգները կրծի: Վերջում էլ նրան մեղավոր համարեն՝ իրենց անգործության և վախկոտության համար, հանեն գործից: Այդպես կարելի է բոլոր նախարարներին ու ԳՇ պետերին բանտերը լցնել, հետո՞: