Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարել է, որ ընդդիմության պայքարի ներկա գործընթացը շարժում չէ. դա քարոզարշավ է և այս գործընթացը շարժում դարձնելու համար այս գործընթացի կառավարումն էապես պետք է փոխվի.
«Իմ համոզմամբ՝ ձևաչափը պետք է հիմնված լինի և հրապարակայնորեն հայտարարվի, որ այս գործընթացը ղեկավարում են Հայաստանի առաջին վարչապետը, ՀՀ երկրորդ նախագահը և ՀՀ երրորդ նախագահը, այսինքն՝ Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Սա իմ համոզմունքն է, որովհետև այս անարդյունավետ, խիստ կուսակցականացված կառավարմամբ՝ սա շարժում չի դառնա, և Փաշինյանին կհաջողվի իրականացնել իր՝ մեր պետության համար կործանարար արտահերթ ընտրությունները»:
Սիրում ենք, երբ իրերն իրենց անուններով են նշում: Թե չէ՝ 17 ուժեր, հայրենիքի փրկություն, իքի-բիր կուսակցություններ, մեկը մեկից տգետ ելույթներ, ռացիոնալ մտքի իսպառ բացակայություն: Ի վերջո, խոստովանեցին, որ Վազգեն Մանուկյանին առաջ բրդելով, կողքից էլ այս մարդ-կուսակցություններով, որևէ արդյունքի չեն հասնի: Նիկոլ Փաշինյանի բախտն իսկապես բերեց, որ դիմացը սրանք էին:
Մենք արդեն գիտենք, որ հատկապես վերջին օրերին դժգոհությունը Վազգեն Մանուկյանից միայն աճել է: Դե, տեսան, որ դատարկ է, ստեղծված իրավիճակից դուրս գալու որևէ պատկերացում չունի, էլ ուր մնաց՝ ծրագիր, երկու հատ նախադասություն չի կարողանում իրար կողքի շարել ու ասել, անընդհատ մարդկանց վիրավորում է, տառապում է ինքնասիրահարվածության սինդրոմով: Մի խոսքով, վարի տվեց ընդդիմադիր շարժումը:
Այնպես որ, Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները նաև Վազգեն Մանուկյանից դժգոհության դրսևորում են:
Մենք ի սկզբանե ենթադրում էինք, որ Վազգեն Մանուկյանին ներկայացնելով ազգափրկիչ, իրականում այս խաղի ամբողջ իմաստը հետագայում Քոչարյանին ասպարեզ բերելն էր: Հիմա ստիպված պետք է խաղաքարտերը մի քիչ էլ բացեն և Քոչարյանը անմիջականորեն խաղի մեջ մտնի:
Միայն թե պարզ չէ, թե ինչու են մտածում, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեպքում ընդդիմությունը հաջողության հասնելու ավելի շատ շանսեր կունենա: Երևի, հիմնական պատճառն այն է, որ Քոչարյանը արյունահեղության գնալու ավելի մեծ փորձ ունի, քան Վազգեն Մանուկյանը: Դավիթ Շահնազարյանը դա պարզ տեքստով ասում է. ամեն ինչ անել՝ կանխելու արտահերթ ընտրությունները: Իսկ դա այս պահին՝ բացի արյունահեղությունից, այլ տարբերակով հնարավոր չէ կանխել: