...

Մի քանի դիտարկում պատերազմական իրավիճակում - 2

Մի քանի դիտարկում պատերազմական իրավիճակում - 2

(շարունակություն - սկիզբը)

«Չերչիլն ասում էր՝ ազնվականությունը իր արյունով Լամանշը կլերդացնի ու թշնամու ոտքը Բրիտանիա չի թողնի: Ցավալի է իհարկե, որ մենք այդ խավը, այդ վերնախավը այդպես՝ իր արյունով հայրենիք սահմանող, իր վարքով երկիրը սահմանադրող, մտավորականության այդ խավը չունենք ու չենք ունեցել, ավելի ցավոտը սակայն մարդկային այդ ազնիվ ու ազնվական որակի անկումն է, այդ հատկանիշի նահանջը, որ ամենքիս ու յուրաքանչյուրիս անկապտելի բաղադրիչն էր լինելու, որ հարյուրավոր բերաններով հազար-հազար գիշերներ դյուցազներգություն է վիպել, և մի անգամ մի տեղ մի անպարկեշտ բառ չի սպրդել, որ չափ է դրել մեր գործին ու խոսքին և բնազանցից ու չափազանցից խորշել որպես իրական բորից: Այդ երկյուղած չափավորությունը, չափավորի հանդեպ այդ անպայմանադիր պարտավորվածությունը մեզ ստիպում էր նկատել, թե գուցե հարկ չկա մեր ազնվականությանը փնտրել արյունով լերդացած նեղուցներում - մեր մտավորականությունն ու մտավորականը գուցե թե հենց հայ մարդն է, հայ գյուղացին՝ իմ հայրը, իմ պապը, որ այս անտեր աշխարհում իր տան և՛ տերն էր, և՛ մշակը, այս անթագ-անիշխան երկրի և՛ իշխանն էր, և՛ չոբանը»:

Հրանտ Մաթևոսյան 
(Մի՛ ուրացեք ձեր եղբորը

1. Պետության ազնվականության ծնունդը

Այսօր գուցե Արցախի սահմաններում է ձևավորվում մեր ազնվականությունը: Որովհետև մեր զինվորը, սպան, գեներալը իրենց արյունով են ողողում երկրի սահմանը, որ թշնամու ոտքը Արցախ ու Հայաստան չմտնի: Ընդգծենք՝ պետության բանակի զինվորը: 

Մեր պետությունն ու բանակը հասակակիցներ են համարյա: Բայց բանակը լրջացել է, հասունացել:

Ֆիդայականության շունչը, ազատագրողի ոգին փոխարինվել են բանակի կազմակերպվածությամբ և հայրենիքի պաշտպանի ազնվազարմ ոգով: Մեր ազնվական պաշտպանն է այս պահին սովորական հայ մարդու, գյուղացու, քաղաքացու, երկրի տիրոջ հետագա ընթացքի, գոյության միակ երաշխավորը: 

2. Պետության թագն ու իշխանը

Բայց պետությունը միայն բանակը չէ: Պետությունը չի կարող լինել անթագ-անիշխան: Պետության թագն ու իշխանը դժվարին առաքելություն ունի: Եվ եթե տաքգլուխ կամ կարճամիտ վերլուծաբանին, ֆեյսբուքում ստատուս գրողին կարելի է մաքսիմալիստ լինել, միշտ հերոս լինել, որոշ դեպքերում նաև այլոց զավակների ազնիվ արյան հաշվին, պետության իշխանը դրա իրավունքը չունի:

Հետ գնանք: Իննունականների սկզբին մեզ պարտադրված պատերազմը երկարատև և արյունաքամ էր: Ինչի՞ց սկսվեց: Թվում է՝ բոլորս գիտենք: Այնուամենայնիվ, հիշեցնենք: Արցախի հայությունը ոտքի էր կանգնել հանուն ինքնորոշման: Արցախի հայության համար ինքնորոշումը կյանքի իրավունքի պաշտպանության միակ հնարավորությունն էր: Արցախը հայաթափելու, ժամանակակից լեզվով ասած՝ Արցախում էթնիկ զտում անելու գործընթացը վաղուց էր սկսվել: Խորհրդային տարիներին մեթոդաբար հայաթափեցին Նախիջևանը, նույնը փորձում էին անել Արցախում: Նշենք, որ մեթոդները գրեթե չէին տարբերվում այսօրվա ահաբեկիչների գործելակերպից: 88-ի խաղաղ ցույցերի պատասխանը Սումգայիթն էր, հետո՝ Բաքվի ջարդերը: Եվ հայերս ինքնապաշտպանական պատերազմից բացի ուրիշ ելք չունեինք: 

Նոր կազմավորվող հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, անհարին, անպատմելի ջանքով նվաճեցին ապրելու իրավունքը: Եվ այո՛, հաղթանակ էր: Հաղթանակը բերում է էյֆորիա, վիճակ, երբ մարդիկ սթափ չեն գնահատում իրենց ուժերը: Եվ ահա 1994 թվականի զինադադարը, որը, համոզված ենք, կնքվեց մեր պետությունների շահերը պաշտպանելու նպատակով, մինչ օրս քննադատվում է: Այնինչ սթափությունը, սեփական ուժերը, իրականությունը և թշնամուն ճիշտ գնահատելը հենց պետության իշխանի պարտականությունն է: 

Հիմա, այս պահին հերոսները սահմանին են, հիմա, այս պահին պետության թագն ու իշխանը պետք է առավելագույնս սթափ լինի՝ անգամ հետագայում տաքգլուխների մեղադրանքին արժանանալու գնով: Եվ սա պակաս զոհաբերություն չէ:

(շարունակելի)
Զարուհի Գաբրիելյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1343 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ