...

Մի քանի դիտարկում պատերազմական իրավիճակում

Մի քանի դիտարկում պատերազմական իրավիճակում

1. Պետություն

Արցախի համար այսօր կռվում են անկախ պետության զավակները: Օգոստոսի 23-ին նշեցինք մեր Անկախության հռչակագրի 30-ամյակը: 29 տարի է, ինչ անկախ պետություն ունենք: Դժվար ճանապարհ ենք անցել: Արցախյան առաջին պատերազմն սկսեցինք զրոյից: Զրոյից, որովհետև անկախ պետությունն այդ պահին բանակ չուներ: 92-ին ծնվեց բանակը: 94-ին կնքվեց հրադադար: Արցախի անվտանգությունը պահպանում էր պատերազմի ժամանակ կազմավորված բանակը, որի հիմքում, անշուշտ, ռազմաճակատ մեկնած կամավորական ջոկատներն էին: Մինչ այդ մեր զավակները կռվում էին օտարների համար, զորակոչվում էին օտարի բանակ: Եվ բանակից խուսափելու «սովորույթը» այդտեղից էր գալիս: Հիմա չեն փախչում, չեն բողոքում: Հակառակը: Կամավոր են: Համոզված եմ՝ կամավորական այս շարժման կարևորագույն առանցքը հենց սեփական պետությունն է: Որովհետև այն արդեն մեր զավակների ենթագիտակցության մեջ է: Արձանագրենք: Անկախ պետությունն է մեր հաղթանակների գրավականը:

2. Քաղաքացի

Պետության առաջին երեսնամյակը, որը, իհարկե, կտոնենք, կամփոփենք հաջորդ տարի, բնավ հեշտ չէր: Պատերազմով սկսեցինք: Սկսեցինք քանդվող կայսրության թողած բազում խնդիրներով: Ոմանք խռովեցին անկախությունից, որովհետև պատրաստ չէին կենսական այն դժվարություններին, որոնք անխուսափելի էին պատերազմող երկրում: Ոչինչ: Հաղթահարեցինք: 

Որքան էլ դժգոհենք նախորդ տասնամյակներից, հատկապես 98-ից հետո ընկած շրջանից, պետք է ընդգծենք, որ Հայաստանում անվերահսկելի բռնապետություն հաստատելու փորձը չստացվեց: Չստացվեց, որովհետև ազատության շունչը զգացած անկախ պետության քաղաքացիները թույլ չտվեցին: Հիշեցնենք:  Հետընտրական ցույցեր 2003-2004 թվականներին, բռնի ուժի կիրառում, բայց ...2007-2008-ին ձևավորված նախընտրական հզոր շարժում, կեղծված ընտրություններ, բայց հետընտրական հզոր շարժում՝ չնայած 2008թ. մարտի մեկի արյունոտ բռնության: Հիշեցնենք՝ այս շարժումը տևեց մի քանի տարի: 2013թ. քաղաքացիները չեն հաշտվում կեղծված ընտրությունների հետ: 2015թ. քաղաքացիները չեն ընդունում պարտադրված սահմանադրությունը: Քվեարկությունը կեղծվում է: 2018-ին բազմամյա պայքարից հոգնած վարչակարգը տեղի է տալիս: Արձանագրենք. մեր զինվորները թրծված են նաև ներքաղաքական պայքարում: Ուրեմն քաղաքականապես գրագետ են: Եվ սա չափազանց կարևոր է անգամ պատերազմի ժամանակ:

3. Նախորդ երկու կետերից է բխում նաև սեփական ուժերին ապավինելու գիտակցությունը: Սա էլ է անկախ պետություն ունենալու արդյունք, անկախ պետություն և պայքարող հասարակություն: 

Նշենք, սակայն, որ վճռական մենակի կերպարը գրավիչ է ամերիկյան ֆիլմերում, բայց մենք կինոյում չենք, և պատերազմը համակարգչային խաղ չէ: Ամեն ինչ առավել քան իրական է: Ուրեմն մեզ պետք է ոսկերչական դիվանագիտություն: Սպասենք: Սպասենք և հուսանք, որ այստեղ էլ կարձանագրենք գիտակցական արագացում: 

(Շարունակելի)

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1082 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ