...

Պառավ ջադու պարտությունը կպել է մեջքիդ, իսկ դու․․․

Պառավ ջադու պարտությունը կպել է մեջքիդ, իսկ դու․․․

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հարցին․ «Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղեք», Հրանտ Մաթևոսյանը պատասխանել է հետևյալը․

«Միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունը պառավ ջադու է դառնալու կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ինչ ես շալակել, ասելու են, կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը. միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու՝ քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ. միայն հաղթանակ, ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը, քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլևս չունես, քո սևերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելո՞ւ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ և ձիավորվիր»:
(«ՉԻ», Մի՛ ուրացեք ձեր եղբորը, 2002 թ․)

Պառավ ջադու պարտությունը կպել է մեջքներիդ, իսկ դուք մտածում եք ձեր տաքուկ տեղի մասին։ Եվ որպեսզի պահեք այդ տաքուկ, գաղջ տեղն իշխանության մեջ, համառորեն չեք տեսնում, որ ուրացել եք ձեր եղբորը, երկիրը, պետությունը։ 

Պատերազմի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հորդորում էր՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Բայց երբ պարտությունը դարձավ շոշափելի, երբ վրացին, չեչենը, ռուսը, եվրոպացին և անգամ թուրքը մեզ ծաղրում են, վարչապետն ու իր շրջապատը փորձում են ֆռռացնել հայ հասարակությանը և ապացուցել, որ պարտությունը պարտություն չէ։ Լա՛վ, ասենք, վարչապետամերձ մանկապարտեզը՝ Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան և այլք, ո՛չ նորմալ կրթություն ունեն, ո՛չ էլ Արցախյան առաջին պատերազմն են հիշում, ավելին՝ նրանց համար հաղթական պատերազմի տարիները ցայսօր «ցրտի ու մթի» ժամանակաշրջան են։ Այսինքն՝ այս ուշահաս երիտասարդներն իրականում ոչինչ չգիտեն, չեն սովորել և չեն էլ ուզում սովորել։ Բայց երբ նույնն է անում կյանքի պատկառելի փորձ և բավականաչափ գրագիտություն ունեցող մարդը, առնվազն զարմանում ես և կասկածում՝ հանուն ինչի՞։

Այսպես, 1-ին լրատվականի հարցազրույցում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը պնդում է․ «Հաղթանակը այն հողակտորները չեն, որոնք դու նվաճում ես կամ կորցնում․ 21-րդ դարում հաղթանակները պետք է այլ տեղ փնտրել»։ Տեղեկացնենք, որ սա հարցազրույցի վերնագիրն է։ Անկեղծ ասած՝ հարցազրույցը 2 անգամ լսեցինք՝ փորձելով այս պնդումն ապացուցող որևէ հոդաբաշխ բացատրություն գտնել, բայց մնացինք ձեռնունայն։ Ծեծված, չարչրկված ցանկություններ էին զարգացած գիտության, տնտեսության և մշակույթի մասին։ Բայց թե ինչպես կարող ենք դրան հասնել, պրն Հակոբյանը չասաց։

Հարցազրույցի երկրորդ ցնցող պնդումը հետևյալն էր։ Ըստ ՀՌՀ նախագահի՝ մեր իմաստուն ժողովուրդը պարտված իշխանությանը ձայնը տվել է, որովհետև այն «ավետել է» խաղաղության մասին։ Հայերեն լավ չիմացողների համար բացատրենք ավետել բառի իմաստը։ Ուրեմն ավետել նշանակում է ուրախ լուր հայտնել։ Ընտիր է, չէ՞։ Ջախջախվելուց, հող, այսինքն՝ հայրենիքի մաս կորցնելուց, հազարավոր զոհեր տալուց անմիջապես հետո իշխանությունն ուրախ լուր է հաղորդում, և հասարակությունը հենց դրա համար է նրան ձայն տալիս։ Ուրախ, երջանիկ իշխանություն է, ուրախ ժողովուրդ, պարտությունը հաղթանակ է, որովհետև 21-րդ դարում հող կորցնելը պարտություն չէ։ Ոչինչ, որ Սյունիքի ճակատագիրն օդում կախված է, ոչինչ, որ Հայաստանն ինքնիշխան չէ, ոչինչ, որ սահմանդ անպաշտպան է, գերիներ ունես։ Ոչինչ։ Կարևորը քեզ պարտված չհամարես։ Հա՛, կարծես թուրքերն էլ են 21-րդ դարում ապրում։ Կարծես նրա՛նք էլ դեմ չեն ժամանակակից տեխնիկային։ Բայց հենց այդ տեխնիկան օգտագործելով՝ հաղթել են, ցնծում են, որովհետև հո՛ղ են գրավել։ 

Բայց հարցազրույցի մեխը մի քիչ ուրիշ է։ Անշուշտ, այդ մեխին հասնելու համար պրն Հակոբյանը պետք է փրկեր պարտության պառավ ջադուին մեր շալակը կապած իշխանությանը։ Մեխը խոսքի անվերահսկելի ազատությունն էր։ Սա էլ, ըստ պետական չինովնիկի, 20-րդ դարում էր բացարձակ արժեք։ 21-րդ դարում այդ ազատությունը պետք է սահմանափակել, որովհետև դրանից օգտվում են թշնամիները, օտար երկրները, ապատեղեկատվություն են տարածում, խուճապ առաջացնում։ Ուրեմն պետությունը, մեր պարագայում իշխանությունը պետք է կանոնակարգի լրատվական դաշտը։ Հասկացա՞ք, հարգելի՛ լրագրողներ։ Ալեն Սիմոնյանը երևի խոսքի ազատությունը սահմանափակող հերթական օրենքն է մտմտում։ Հիմա հիշենք, թե ովքեր են ապատեղեկատվություն, այսինքն՝ բացարձակ սուտ տարածելու չեմպիոնները։ Հեռու մի՛ գնացեք։ 2020-ի 44-օրյայից մեկ տարուց մի քիչ ավելի է անցել։ Հիշո՞ւմ եք՝ ինչքան սուտ եք լսել պաշտոնական աղբյուրներից։ Հաղթում էինք, որովհետև Ջրականը (Ջաբրայիլ) արդեն հայկական ուժերը չէին վերահսկում, հաղթելու էինք, երբ Շուշին արդեն հանձնված էր։ Շարունակե՞նք, թե՞ բավական է։ Պատերազմից հետո էլ նույնն է։ Սահմանային բախումների մասին նախ Սյունիքի համայնքապետերն էին հայտնում, հետո տեսնում էինք ՊՆ պաշտոնական կցկտուր հայտարարությունները։ Հավելենք մի բան․ մինչ օրս չգիտենք՝ զոհերի, վիրավորների, գերիների ճշգրիտ թիվը։ Այսքանը՝ պատերազմից։ Կորոնավիրուսի պարագայում նույնն է։ 

Ուրեմն մեր պաշտոնական աղբյուրներին քչերն են վստահում։ Նա՛խ այս այլանդակությունը սահմանափակեք, վերացրեք, հետո մտածեք օտարների մասին։ Слабо?

Եզրափակենք։ Պարտությունը թե՛ մ․թ․ա․ 2-րդ, թե՛ մ․թ․ 21-րդ դարում նույն պառավ ջադուն է․ կորցրած հայրենիքն ու անհամար զոհերը՝ վկա։ Մի՛ վարկաբեկեք խաղաղության գաղափարը, որովհետև այն արհամարհելով՝ երկրին պատերազմ և պարտություն բերողը դրա մասին խոսելու իրավունք չունի։ Արա՛գ գրաքննություն մտցրեք․ գուցե մարդիկ ավելի լավ բաներ կարդան․ օր․՝ Հրանտ Մաթևոսյան, իսկ նա ասում է՝ «խայտառակ սկսել ես՝ խայտառակ էլ փակո՞ւմ ես ցեղիդ պատմությունը»։

Զարուհի Գաբրիելյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ