Երեկ «White Shorja» լողափում մարդաշատ էր: Համերգով պետք է հանդես գար Գոռ Սուջյանը: Բայց ուշագրավը ոչ թե արտակարգ դրության պայմաններում համերգի կազմակերպումն էր, այլ այն, որ լողափում տանտիրոջ կարգավիճակում աշխատակազմին հրահանգներ էր տալիս Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Անգամ անտեղյակի համար ակնհայտ էր, որ այդ երիտասարդն է լողափի սեփականատերը:
Հայտնի չէ՝ այն ձեռք է բերվել հեղափոխությունից առաջ, թե հետո: Բայց էականը դա չէ: Այս պարագայում անգամ երկրորդական է, որ նա առանց դիմակի էր, մինչդեռ ոստիկանները Սևանի ավազանում հանգստացող մեր մյուս քաղաքացիներին ստիպում են դիմակ կրել, իսկ երբեմն նրանց հետ նաև վեճի են բռնվում:
Էականն այն է, որ պատգամավորը չի թաքցնում՝ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Իշխանությունը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզապես պարտավոր են մի վարույթ էլ հարուցել վարչապետի օգնականի եղբոր վերաբերյալ՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով:
Հակառակ պարագայում կստացվի, որ գործում են երկակի ստանդարտներ: Ինչ չի կարելի Ծառուկյանին, կարելի է իշխանական պատգամավորին:
Բիզնեսը բիզնես է, անկախ նրանից՝ դա «Multi Group»-ն է, թե «White Shorja»-ն: Ծառուկյանն էլ մի օրում բիզնես կայսրություն չստեղծեց՝ օգտագործելով քաղաքական տանիքներին, իսկ այնուհետև քաղաքական կարգավիճակը:
Իշխանությունների համար շատ լավ պահ է ցուցադրելու, որ երկրում չկան արտոնյալներ, հակառակ պարագայում Ծառուկյանը հանգիստ կարող է պնդել, որ իրականացվում են քաղաքական ճնշումներ: