«Եթե կառավարությունը որոշի, որ մինչև հունվարի 11-ը սաղս պտի մեռնենք, դագաղները էլի ստիպելու են, որ «Տավուշդագաղից» առնե՞նք»:
Մեղմ ասած, «բայղուշ հարցադրման» հեղինակը նախկին ուրախ և հնարամիտ, ներկայումս կինոպրոդյուսեր ներկայացող Արմեն Գրիգորյանն է:
«ՉԻ». Անհասկանալի է, թե ինչ է ուզում Միքայել Մինասյանի մտերիմը: Չէ՞ որ, ըստ իրենց կանխատեսումների, այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, և ժողովուրդը երազում է, թե երբ են վերադառնալու նախկին սիրելի և գերպրոֆեսիոնալ իշխանությունները: Թող գոնե մի քիչ ժողովուրդ մնա, որ Միշիկը իշխելու մատերիալ ունենա:
Արմեն Գրիգորյանի հեգնանքը մի փոքր տեղին կլիներ, եթե նա փաստեր բերեր, որ կա կազմակերպություն, որը 25 դրամից պակասով է դիմակներ առաջարկում: Բայց կառավարությունը, մտնելով կոռուպցիոն համաձայնության մեջ, որոշել է այնուամենայնիվ աշակերտների և ուսուցիչների համար 25 դրամով դիմակներ գնել «Տավուշտեքստիլից»: Չկան այդպիսի տվյալներ, քանզի 25 դրամը այսօր հնարավոր ամենաէժան գինն է:
Արմեն Գրիգորյանը և նրա նման շատերը կնախընտրեին, որ ոչ մի դիմակ էլ կառավարությունը ձեռք չբերեր, որ հետո հանկարծ, երբ վարակվածների քանակն ավելանար, մեղադրեին կառավարությանը, որ չի պաշտպանել անգամ երեխաներին:
Ինչ վերաբերում է մենաշնորհների վերաբերյալ պրոդյուսերի մտահոգությանը: Փաստորեն կորոնավիրուսն այնքան էլ վատ բան չէ: Ի վերջո, Հայաստանում ամբողջ կյանքն ապրած մարդը վերջապես սկսել է մտահոգվել մենաշնորհների առկայությամբ: Մնում է հասկանալ, թե ինչն էր նրան ստիպում ժամանակին երբևիցե ծպտուն չհանել Միքայել Մինասյանի բարձր հովանու ներքո գործող տասնյակ մենաշնորհների վերաբերյալ: