Արփինե Հովհաննիսյանը, տեսնելով, որ շեֆը հերթական անգամ ձախողեց առաքելությունը, գրառում է արել և փորձել պարզաբանել ու զարգացնել Սարգսյանի միտքը. «Խոսելով տավուշյան դեպքերի մասին և արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաև Նախիջևանի ուղղությամբ»։ Ես ասվածից հասկանում եմ հետևյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, և չենք արել ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։ Եվ ուրեմն, հարգե՜լի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.
1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջևանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո, ի՞նչու չի եղել, զեկուցվել է արդյո՞ք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել, թե այլ պատճառ է եղել և այլն»։
«ՉԻ». Գործ ունենք հանրապետականների հերթական ապատեղեկատվության և մանիպուլյացիայի միքսի հետ:
Նախիջևանում հակառակորդը մի փոքր բարելավել է դիրքերը: Դա փաստ է: Պետք չէ նմանվել իրենց և հերքել անհերքելին: Եվ նաև պետք չէ իջնել Սերժ Սարգսյանի մակարդակին ու հայտարարել, որ դրանք ռազմավարական և մարտավարական իմաստով որևէ նշանակություն չունեցող հողեր են: Այդ ցնորքի մենաշնորհը պատկանում է հանրապետականներին:
Խնդիրն ուրիշ տեղ է: Ադրբեջանցիներն իրենց դիրքերը բարելավել են 2018 թվականի մայիս ամսին, ավելի ճիշտ՝ մայիսի 3-ից մինչև նույն ամսվա 10-ը: Գլխավոր շտաբը քարտեզներով դա բացատրել է:
Եվ հիմա ո՞ւմ մեղքով է դա կատարվել: Սերժ Սարգսյանը փորձում է համոզել, թե ինքն ինչ կապ ունի դրա հետ՝ ապրիլի 23-ին հրաժարական է տվել և այլևս չի հանդիսացել գերագույն գլխավոր հրամանատար: Բայց Սերժ Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և մնացած հանրապետականները ուղիղ պատասխանատվություն են կրում նաև այդ ձախողման համար: Կրում են, որովհետև 20 օր հետաձգեցին Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացը: Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրեցին և, ըստ էության, երկիրը թողեցին առանց ղեկավարի: Հենց այդ ժամանակ էլ ադրբեջանցիները օգտվեցին ընձեռված հնարավորությունից:
Որևէ իմաստ չկար ձախողելու մայիսի 1-ի ընտրությունները. հասկանալի էր, որ հանրապետականները ուրիշ ելք չունեն և, միևնույն է, հանձնելու են իշխանությունը: Սակայն արհեստականորեն ձգձգեցին գործընթացը: Թերևս, բացառված չէ, որ հեռանալուց առաջ չկատարելով պարտավորությունները՝ հանձնելու Արցախի ազատագրված տարածքները, վերջին վատությունը արեցին երկրին:
Այնպես որ՝ Արփինե Հովհաննիսյանը ճիշտ կանի լռի և ավելի անհարմար վիճակում չդնի իրեն և Սարգսյանին: