...

Մի չստացված ֆոկուսի մասին

Մի չստացված ֆոկուսի մասին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսելով տավուշյան դեպքերի մասին և արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաև Նախիջևանի ուղղությամբ»։

Եվ ուրեմն, հարգե՜լի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.

1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջևանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի՞ եղել, եթե այո, ապա ինչո՞ւ չի եղել, զեկուցվե՞լ է արդյոք, որ հնարավոր է բարելավել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել, թե այլ պատճառ է եղել և այլն։

2. Ունեցե՞լ է հակառակորդը դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչո՞ւ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու, թե՞ ոչ»։

«ՉԻ». Հարգե՜լի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական գիտունիկներին՝ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, մի երկու հարց ուղղեք.

1. Սերժ Սարգսյանը 8 տարի երկրի գերագույն գլխավոր հրամանատար է եղել, ինքը չգիտե՞ր Նախիջևանի տեղը, չի՞ փորձել այնտեղ դիրքեր բարելավել:

2. Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի օրոք ի՞նչ դիրքային բարելավումներ և կորուստներ ենք ունեցել: Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ չի կասեցվել հակառակորդի առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու, թե՞ ոչ։

3. Սերժ Սարգսյանը խոստացել էր լինել Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը: Արդյոք նա իր խոստումը կատարե՞ց:

Ի դեպ, այս վերջին հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը առաջին ուղևորը չի դարձել, քանի որ առաջին չվերթ չի կայացել:

Սա մեզ մի հայտնի անեկդոտ-պատմություն հիշեցրեց: Կրկեսում հայտարարում են, թե հիմա սուպերֆոկուս են ցույց տալու: Մեկը արենա է մտնում, հայտնում, որ հիմա՝ հանդիսականների աչքի առջև, ինքը սովորական կոլայի ապակե շշի մեջ կմտնի: Ամբողջ դահլիճում քար լռություն է տիրում, բոլորը սպասում են այդ հրաշք ֆոկուսին: Այս մարդը շիշը վերցնում է, մատը մտցնում է մեջը, ու սկսում է սեղմել: Տանջվում է, տնքում է, մատը մի քիչ էլ է շշի ներսը մտցնում, շունչ է քաշում, նորից մատը պտտացնելով մի քիչ էլ է ներս մտցնում, հետո քրտինքը ճակատից սրբելով, մատը շշից հանում է ու հոգոց հանելով ասում. «Ծը, չի ստացվում»:

Հարգե՜լի Արփինե, մինչև ֆոկուս ցույց տալը պետք է շատ պարապել, համոզվել, որ ֆոկուսը ստացվում է, նոր այդ մասին հայտարարել: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ