...

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում հասարակությանը ներկայացնելիք հերթական 100 փաստերի ցուցակից մի հատված, որն էլ սիրով հրապարակում ենք։ Եվ այսպես․

․․․Փաստ 32․ Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանն իր միջոցներով վերանորոգել է անհայտ ուժերի կողմից չարամտորեն պայթեցված գազամուղը։

Փաստ 33․ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ձեռքսեղմումը տևել է 12 վայրկյան, ինչը մոտ 20 տոկոսով գերազանցում է 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը։

Փաստ 34․ ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի սերտ համագործակցության շնորհիվ զբոսաշրջության ծավալները Հայաստանում աճել են շուրջ 42 տոկոսով։

Փաստ 35․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ում բանանը շուրջ 60 տոկոսով ավելի էժան է, քան կաղամբը։

Փաստ 36․ Տավուշի մարզում ապօրինի անտառահատման ծավալները նվազել են 24 տոկոսով, իսկ անտառները՝ ընդամենը 4 տոկոսով։

Փաստ 37․ Ընձառյուծը հասել է Գյուլագարակ։

Փաստ 38․ Հայաստանը մտել է ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա, իսկ բնական միջավայրում ռնգեղջյուրների անվտանգության մակարդակով առաջատարների հնգյակում է։

Փաստ 39․ Ալեն Սիմոնյանի լուսանկարների տակ սոցկայքերում արված մեկնաբանությունների շնորհիվ հաջողվել է ՀՀ-ում գիտության ֆինանսավորումն ավելացնել մոտ 80 տոկոսով։

Փաստ 40․ Ժողովրդից թալանված անշարժ գույքը վերադարձվել է ժողովրդի կոնկրետ ներկայացուցչի։

Փաստ 41․ Առողջ ապրելակերպի շրջանակներում տուգանվել է շուրջ 1400 տնտեսվարող և ավելի քան 730 հիվանդ։

Փաստ 42․ Բարեկիրթ հարևանի՝ ՀՀ տարածք ներխուժելու միջին խորությունը նվազել է մոտ 3 անգամ, իսկ այդ մասին ահազանգողների բացահայտման ու վնասազերծման արդյունավետությունն ավելացել է շուրջ 37 տոկոսով։

Փաստ 43․ Տնտեսվարողների սոցիալական պատասխանատվության աճի շնորհիվ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են ընդամենը 23 տոկոսով։

Փաստ 44․ Նախագահ ընտրվելու շնորհիվ Վահագն Խաչատրյանի ազգանվան տառերի թիվն ավելացել է շուրջ 11 տոկոսով։

Փաստ 45․ Հանրային վայրում ՀՀ վարչապետին աղուհացով դիմավորելու համար Գեղարքունիքի մարզպետի պարգևավճարը նվազեցվել է մոտ 4 տոկոսով։

Փաստ 46․ Արցախ մեկնելուց հրաժարվելու շնորհիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ արտասահմանյան ուղևորությունների համար նախատեսված գումարներից խնայվել է շուրջ 57 միլիոն դրամ։ Եվս 116 միլիոն խնայվել է բանակի 30-ամյակի տոնակատարություններից հրաժարվելու շնորհիվ։

Ցավոք՝ ցուցակի մյուս էջերը ձեռք բերել չի հաջողվել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ