...

Նիկոլ Փաշինյանի պատասխանները քննիչ հանձնաժողովին

Նիկոլ Փաշինյանի պատասխանները քննիչ հանձնաժողովին

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի այն նիստի սղագրությունը, որտեղ հարցերին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այսպես․

Անդրանիկ Քոչարյան - Բարև ձեզ, պրն վարչապետ։ Ինչպես հայտնի է, մեր նպատակը 44-օրյա պատերազմում նախկին հանցավոր թափթփուկների և նրանց ծառայող դավաճան գեներալների պատճառով կրած պարտության մեղավորների բացահայտումն է, և հանձնաժողովը ցանկանում է մի քանի հարցեր ուղղել նաև Ձեզ․․․

Նիկոլ Փաշինյան - Մի րոպե, մի րոպե։ Չեմ ասե՞լ առոգանությամբ կկարդաս։ Նորի՛ց։ Էն կողքինդ ո՞վ ա։ Հի-հի․․․ Հա, հիշեցի, էն վերբալ պատգամավորը չի՞․․․ Արա՛, ասեք թող գոնե դիմակ դնի, որ մի քիչ լուրջ տպավորություն թողնեք։ Լավ, ժամանակ չկա, հարցրո՛ւ, ի՞նչ էիր հարցնում։

Ա․Ք․ - Պրն վարչապետ, ե՞րբ տեղեկացաք, որ պատերազմ է սկսվել, և որո՞նք էին Ձեր առաջին գործողությունները։

Ն․Փ․ - Մի խումբ դավաճան գեներալներ ինձ նախապես զեկուցել էին, որ պատերազմ է սկսվելու։ Չէին հայտնել միայն տարին, ամիսը, օրն ու ժամը, ինչպես նաև հարձակման ուղղություններն ու մասշտաբները։ Բայց մենք, իհարկե, պատրաստ էինք պատերազմին։ Սկսվելուն պես ես կապվեցի ԼՂՀ նախագահի հետ և պահանջեցի անհապաղ ուղարկել Ղարաբաղի դժգույն-դժբախտ բնակավայրերի և ամայի-անբնակ սարերի ամբողջական ցանկը, ինչպես նաև այն տարածքների քարտեզները, որոնք Հայաստանի նախկին հանցավոր իշխանությունները դեռևս 2010 թվականին ճանաչել էին որպես Ադրբեջան։ Հետո Արծրունի միջոցով հանձնարարեցի հարձակվել բոլոր ուղղություններով՝ ապահովելու համար տակտիկական նահանջը, հետո հանձնարարեցի ֆեյսբուքյան հարցում կազմակերպել, թե հարձակման ուղղություններից ո՞րն ամենաշատ լայքը կհավաքի, հետո ՊԵԿ-ին հանձնարարեցի ուժեղացնել վերահսկողությունը ծաղկի վաճառակետերի նկատմամբ, որպեսզի բոլորը ՀԴՄ կտրոններ տան․․․ Մի խոսքով՝ այդ օրհասական պահին կառավարությունը ժամացույցի պես աշխատում էր։

Ա․Ք․ - Իսկ ինչո՞ւ չհաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը։

Ն․Փ․ - Որովհետև թիկունքում գործող լրտեսական ցանցերը դավաճան գեներալների միջոցով փորձում էին խափանել կամավորական ջոկատներ ձևավորելու մեր ծրագիրը և դրա փոխարեն իրականացնել պահեստազորը մոբիլիզացնելու կործանարար գաղափարը։ Բարեբախտաբար, կարճ ժամանակում մեզ հաջողվեց չեզոքացնել այդ վնասարարությունը։

Ա․Ք․ - Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին հրաժարվեցիք պատերազմը կանգնեցնելու հնարավորությունից։

Ն․Փ․ - Անդո՞, էս ի՞նչ միամիտ հարց ես տալիս։ Որովհետև ինձ կասեին դավաճան, իսկ այդ ժամանակ ՔՕ 137․1 հոդվածը դեռ չկար, այսինքն՝ բյուջեն դրանից ոչինչ չէր շահելու։ Պետք էր նախ ընդունել այդ օրենքը, իսկ դրա համար ժամանակ էր պետք․․․ 

Ա․Ք․ - Ձեր կարծիքով՝ Դուք, որպես գերագույն-գլխավոր մոդերատոր, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո որևէ սխալ թո՞ւյլ եք տվել։

Ն․Փ․ - Չհասկացա, ասի՛նք ժողովրդավարությունը մեր բրենդն ա, հո չասի՞նք էդ աստիճան։ Էս ի՞նչ հարցեր ես տալիս, ես ո՞նց կարող ա սխալ թույլ տված լինեմ։ Ուրիշ բան, որ գուցե որոշ հարցերում բավականաչափ հեռատես չեմ եղել։ Օրինակ՝ կարող էի կանխատեսել իրադարձությունների ընթացքը և նախապես անձնագիրս, ժամացույցս ու նոթբուքիս զարյադըչնիկը դնել սեյֆում․․․ Դա է, ուրիշ թերացում չեմ ունեցել։ Դե ես գնացի։ Եթե ուրիշ հարցեր ունենամ՝ կուղարկեմ, կկանչեք, կգամ կպատասխանեմ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   6103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ