...

Նիկոլն ու ընդդիմությունը լավ էլ դասեր են քաղել

Նիկոլն ու ընդդիմությունը լավ էլ դասեր են քաղել

Պատմությունից դասեր քաղելու շուրջ բանավեճերը մեզանում միշտ էլ ակտուալ են եղել, ու վերջում, որպես կանոն, եզրակացությունը մեկն է եղել՝ պատմության ընթացքում մենք բազմաթիվ դաժան փորձությունների միջով ենք անցել, բայց դասեր չենք քաղել։ Մի խոսքով՝ «չենք խելոքացել»։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտի հրեա կնոջ պատասխանը թոռնիկին․ «ես ոչ թե խելացի եմ, այլ փորձառու, այ եթե իսկապես խելացի լինեի՝ այսքան փորձառու չէի լինի»։

Իսկ ահա մեր «փորձառությունը» շարունակվում է, ընդ որում՝ ամենադաժան ձևերով։ Ու այնպես չէ, որ ընդհանրապես դասեր չենք քաղում։ Խնդիրն այն է, թե հատկապես ովքեր և կոնկրետ ինչ դասեր են քաղում։ Չէ՞ որ դասերն էլ են տարբեր լինում։ Բանտում հայտնված գրպանահատն, օրինակ, կարող է տարբեր դասեր քաղել՝ «սրանից հետո պետք է ազնիվ կյանքով ապրել», «պետք էր շատ ավելի զգույշ լինել», «պետք էր ժլատություն չանել ու իրավապահներին ավելի շատ կաշառք առաջարկել» և այլն։ Օրինակ՝ վերջին մեկ տարվա իրադարձություններից ի՞նչ դասեր են քաղել իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վստահաբար՝ նրանց քաղած հիմնական դասը հետևյալն է․ «փաստորեն կարելի է գնալ կործանարար արկածախնդրության, կորցնել Արցախի 75 տոկոսը կամ հայկական կենսատարածքի մոտ 25 տոկոսը, կործանել մի ամբողջ սերունդ, իսկ հետո ագրեսիվ քարոզչությամբ ու հիստերիկ ճղճղոցով մուրճն օդում ճոճելով հաղթել ընտրություններում ու պահպանել իշխանությունը»։ Հարց՝ ո՞րը պիտի լինի նման «փորձառություն» ձեռք բերած իշխանությունների հաջորդ քայլը։ Ճիշտ է, առանձնապես չմտահոգվել ինչ-որ «դժգույն-դժբախտ ամայի սարերի» կորստյամբ ու շարունակել արկածախնդրությունը, որովհետև եթե մի անգամ հաջողվել է ջրից չոր դուրս գալ՝ երկրորդ անգամ նույնպես կհաջողվի։

Իսկ ի՞նչ դասեր է քաղել խորհրդարանական ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ «Փաստորեն կարելի է 20 տարի շարունակ երկիրը թալանել, իշխանությունը կորցնելուց հետո հարուցված քրեական գործերի դեպքում՝ այդ թալանածի մի չնչին մասով գրավի դիմաց ազատ արձակվել կամ նվիրատվություններ անել ինչ-որ հիմնադրամների, հզոր քարոզչամիջոցներ ստեղծել, դառնալ հիմնական ընդդիմություն ու շարունակել կյանքը վայելել արդեն քաղհալածյալների կարգավիճակով, ընդ որում՝ ինչքան շատ հիմարություններ անեն գործող իշխանությունները, այնքան լավ, որովհետև արդյունքում իրենց հանցանքները երկրորդ պլան են մղվելու կամ ընդհանրապես մոռացվելու են»։ Համաձայնվեք՝ լավ էլ ստացվում է։  Հարց՝ կցանկանա՞ արդյոք այդպիսի ընդդիմությունը, որ իշխանությունները «խելքները գլուխները հավաքեն»։ Իհարկե ոչ։ Այս «փորձառությունն», ի դեպ, նաև օրվա իշխանությունների համար է կարևոր, որովհետև իշխանությունը կորցնելուց հետո բոլոր նրանք, ովքեր չհասցնեն երկրից փախչել, կարող են ճիշտ նույն ձևով վարվել։

Իսկ ո՞րը պիտի լիներ հասարակության քաղած հիմնական դասը։ Ուշադրություն դարձնել ոչ թե քաղաքական գործիչների խոսքերին ու ճոխ-ճոխ խոստումներին, այլ գործունեությանն ու դրա հետևանքներին։ Օրինակ՝ իրենց սոցիալական վիճակը հիմա՞ է ավելի լավ, թե՞ մի քանի տարի առաջ, իրենք հիմա՞ են ավելի ապահով երկրում ապրում, թե՞ մի քանի տարի առաջ, և այլն։ Իսկ այս առումով հասարակության մեծամասնությունը կարծես թե իսկապես էլ դասեր չի քաղել։ Որովհետև, պարզվում է, կարելի է երկու տարի շարունակ տիեզերական աղմուկ բարձրացնել, ասենք, 800 հեկտարի համար, իսկ ՀՀ տարածքի մի քանի տասնյակ հազար հեկտարի կամ 21 կիլոմետրանոց ճանապարհի թեման երկրորդ պլան մղել, ասենք, մի քանի համայնքապետերի կալանավորմամբ կամ ինչ-որ Քիսոյի շուրջ քարոզչական աղմուկով։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ