...

Նիկոլը, Ծառուկյանը և արձանը

Նիկոլը, Ծառուկյանը և արձանը

Ի վերջո, ո՞ւմ արձանն են ուզում կառուցել Հայաստանում, այսինքն՝ ո՞ւմ դեմքով և մարմնով են պատկերելու Հիսուսին։ Սա հարցրե՞լ եք արձանաշինարարներին։ Մի ենթադրություն ունենք։ Դեմքը կլինի Նիկոլ փրկչինը, մարմինը՝ բարերար Գագիկինը։

Արձանը, ի հեճուկս Հայ առաքելական եկեղեցու, կկանգնեցնեն, հետո Նիկոլը կգնա, կողքին կնկարվի, Աստվածաշնչից մի երկու մեջբերում կանի (իհարկե, կիսատ և սխալներով) և կազատվի եկեղեցի այցելելու պրոտոկոլային պարտականությունից, որովհետև այստեղ քահանաները մեկ-մեկ իրեն թարս են նայում։ 

Ինչո՞ւ ենք համոզված, որ արձանի նախաձեռնությունն առնվազն մեր երկու հերոսներինն է՝ Նիկոլ փրկչինը և Գագիկ բարերարինը, որովհետև ուշադիր լսել ենք նրանցից առաջինի խոսքը քննարկվող հարցի մասին: Ուրեմն ՀՀ վարչապետն իր ինքնասուլիսի ժամանակ 9 րոպե խոսում էր Ծառուկյանի նախաձեռնության մասին։ Չենք վերապատմի ասածը, որովհետև կարող եք ինքներդ լսել։ Համենայն դեպս, նշենք, որ պարզ երևաց՝ նա դեմ չէ արձանաշինությանը։

Հայ առաքելական եկեղեցին մարտի վերջին անընդունելի համարեց սույն նախաձեռնությունը՝ պնդելով, որ արձանը «հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։

Բայց ախր մենք աշխարհիկ երկիր ենք, և Հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդների զգացմունքները ոչ ոքի չեն հետաքրքրում։ Կաթոլիկ երկրներում արձաններ են տեսել, և կրկնօրինակող կենդանու համառությամբ ուզում են նույնն ունենալ Հայաստանում։ Դրանից առաջ, սակայն, գոնե կաթոլիկ պետք է դառնայինք․․․

Մտավորականների մեծ մասը լուռ է, իսկ ծառուկյանամերձները ջանք ու եռանդ չեն խնայում տարբեր քննարկումներում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հախից գալու համար։

Հասարակությունը հեռուստաէկրաններից ներկայացվում է փողոցում պատահական և փնթի հարցումներին պատասխանողների տեսքով։ Այս մարդկանց բնավ չենք մեղադրում, քանի որ չեն գիտակցում՝ ինչ են ասում։ Սակայն ցանկացած քրիստոնյայի համար պետք է առնվազն վիրավորական լիներ արձանապաշտների հետևյալ պատճառաբանությունը․ Քրիստոսի արձանը կզարգացնի տուրիզմը։ Հասկացա՞ք։ Ուրեմն Քրիստոսի արձանը կառուցում են հանուն փողի, հավատքը միայն շղարշ է։ 

Եվ սա մեր պատկերն է։ Մեր տգիտության, մանր ժուլիկության, իրական արժեքներ չունենալու սարսափելի արտացոլանքը։ Ի դեպ, Նիկոլ փրկչին և Գագիկ բարերարին նույնպես մեր հանրությունն է կերտել՝ իր պատկերով և նմանությամբ։ 

Վերջում հիշեցնենք Աստվածաշնչի 10 պատվիրաններից երկրորդը․

Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

Զարուհի Գաբրիելյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2872 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ