Երեկ «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում հանդիպում էին ունեցել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Հանդիպման փաստն առանձնապես հետաքրքրություն չի առաջացրել: Փոխարենը շատերի ուշադրությունից չի վրիպել սենյակում պատից կախված՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:
Սա էլ կարող էր անցնել, գնալ, եթե չլիներ մի հանգամանք. Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Դեռ 2017 թվականին Ազգային Ժողովում, այն ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովի քառօրյա նիստին անդրադարձել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանին ուղղված իր գրությանը, որով դեռևս 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին առ այն, թե իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները:
«Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձևը կգտնեմ և այս հարցում լինելու եմ հետևողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որևէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Ու հետո, հեղափոխությունից հետո, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսուհետ պետության ղեկավարի որևէ պատկեր չի լինելու պաշտոնյաների աշխատասենյակներում։
Հիմա թող Անդրանիկ Քոչարյանն ինքն ասի, թե Նիկոլ Փաշինյանն իր ինչն է, որ նկարը կախված է նրա աշխատասենյակում: Միգուցե հոգեզավակն է, կամ՝ հոգեեղբայրը: Եթե այդպես է, բան չունենք ասելու:
Թե չէ ասում էր՝ ոչ սերժանտացմանը, ռոբոտացմանը, եսիմինչ: