«Հրապարակ» թերթը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, սկանդալային գլխագրով լուր է հրապարակել՝ «Նորանշանակ նախարարի մայրը հին լևոնական է»: Ինչպես հասկացաք, խոսքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մասին է:
Հրապարակման մեջ հատուկ շեշտվում է, որ նախարարի մայրը՝ Մարգարիտա Վարդանյանը, սույն տարվա հունվարի 9-ին մեծ ջերմությամբ ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է առաջին նախագահի ծննդյան տարեդարձը:
Ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում սույն թերթը նման լուրեր գրելիս, դժվար է ասել:
Փաստորեն, եթե առաջնորդվենք լրատվամիջոցի տրամաբանությամբ, հին լևոնական են նաև թերթի այսօրվա «գաղափարական» հայրերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք տարիներ շարունակ մեծ ջերմեռանդությամբ և հարգանքի խորը հավաստիքով նույնպես շնորհավորել են Լևոն Տեր-Պետրոսյանի ծնունդը: Այդ մասին կան բազմաթիվ գրավոր ապացույցներ:
Այնպես որ, լուրեր հրապարակելիս և գլխագրեր ընտրելիս չի խանգարի մի փոքր շրջահայացություն դրսևորելը: Չստացվի, որ մի լուրի պատճառով անհարմար վիճակում են հայտնվում լրատվամիջոցի կողմից հարգված որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ ինչպես հայտնի է՝ նրանք շատ քինոտ են, հանկարծ այս դժվարին տնտեսական վիճակում չվերանայեն իրենց մեդիա նախասիրությունները: