...

Որքան լայքեր կհավաքեին Սերժն ու Ռիտան

Որքան լայքեր կհավաքեին Սերժն ու Ռիտան

«Միգուցե, Նիկոլի չափանիշերով և լայքային քաղաքականության չափանիշերով՝ այո, Հանրապետական իշխանության սխալներից մեկը եղել է այն, որ առավոտից երեկո գլուխ չենք գովացել, բայց մեզ համար կարևորը չի եղել զազրախոսելն ու գովազդվելը։ Կոնկրետ ինձ համար կարևորը եղել է արդյունավետությունը, և ես հպարտ եմ իմ գրանցած արդյունքներով, որ Չեխիայում նախաձեռնել եմ Ցեղասպանության ճանաչում և հասել դրան, որ մեր իշխանությունը Գերմանիայում հասել է դրան։ Ի՞նքն ինչ է արել». սա հատված էր Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից՝ տրված 168.am կայքին:

«ՉԻ». Մեծ հաշվով Շարմազանովը ճիշտ է: Պիառը շատ կարևոր հանգամանք է: Օրինակ՝ բոլորը գիտեին, որ Բոնին ու Կլայդը հանցագործներ են, բայց լավ գովազդի արդյունքում բավական լավ իմիջ ունեին: Օրինակ՝ կարելի էր, չէ՞, հետաքրքիր ֆիլմեր նկարահանել, թե ինչպես մի ամբողջ ժողովուրդ իրենց ատում էր, բայց ընտրություններն այնպես էին կազմակերպվում, որ 60-70 տոկոս ձայն էին ստանում: Ինչ պակաս գլուխ գովելու առիթ է:

Օրինակ՝ կարող էին, չէ՞, հայկական հրաշքի մասին գեղեցիկ պատմություններ հրամցնել: Դիցուք՝ երիտասարդը ոչինչ չունի, բայց հաջող ամուսնության արդյունքում դառնում է մեդիամագնատ: Լավ փաթեթավորելու դեպքում Քոչարյանի պատմությունն էլ բավական մրցունակ կլիներ: Մարդը ոչինչ չունի, գալիս է Հայաստան և 12 տարի անց՝ պաշտոնը թողնելուց հետո, պարզվում է՝ միլիարդատեր է: Ինչ պակաս հաջողության պատմություն է:

Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե որքան լայք կհավաքեր, եթե Սերժ Սարգսյանը ուղիղ եթեր մտներ իրենց բոլոր խնջույքներից և հատկապես ցուցադրեր տիկին Ռիտայի երաժշտական կատարումները: Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսության վերաբերյալ որևէ լայվ անգամ մոտիկ չէր կարող լինել այդ թվերին: Կամ խելք ունենային՝ ժամանակին տարածեին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ակորդեոնի շանսոնյան կատարումները:

Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը: Այստեղ կոնկրետ Շարմազանովը թերացել է: Չեխիայի կողմից Ցեղասպանության ընդունման մասով գլուխ գովելու փոխարեն որպես պատմաբան պետք է խորհուրդ տար կուսակցական հորը 5 անգամ չշնորհավորել Թուրքիայի նախագահ Գյուլին՝ Թուրքիայի կազմավորման կապակցությամբ: Ի վերջո, վերջին անգրագետն էլ գիտի, որ հայերի ցեղասպանությունը շարունակվել է նաև քեմալական Թուրքիայի ստեղծումից հետո:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ