...

Ովքե՞ր են պետությանը հարվածել

Ովքե՞ր են պետությանը հարվածել

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն այսօր ասուլիսում հայտնել է, թե պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր ունեն: 

«Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան պաշտոնատար զինվորականը տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող և փոխանցել հակառակորդին: Մյուս դեպքում օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտի շարժի, այդ թվում այլ բնույթի տեղեկություններ: Երկու դեպքերով էլ ԱԱԾ-ում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով: Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ-ն սեպտեմբերի 27-ից ԱՀ-ում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ ու ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»: 

«ՉԻ». Ուրեմն, երբ 1941 թվականի հոկտեմբերի Վյազմայի օպերացիայում գերմանական բանակը ամբողջությամբ ջախջախեց խորհրդային մի քանի տասնյակ դիվիզիա, Մոսկվայում մի քանի օր խուճապ էր: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պարզապես փախչում էին քաղաքից: Ոտքով, մեքենայով, ով ոնց կարող էր: 

Բացի այն, որ այդ ժամանակ ճանապարհը դեպի Մոսկվա բաց էր, խուճապային տրամադրություններ էին առաջացնում նաև գերմանացիները՝ իրենց գործակալների միջոցով: Մտնում էին բակեր և մարդկանց հայտարարում, թե մի քանի օրից գերմանացիները Մոսկվայում կլինեն, որ անիմաստ է դիմադրությունը և այլն:

Եվ այդ ժամանակ խորհրդային իշխանությունները շատ կոշտ քայլեր ձեռնարկեցին՝ պանիկան դադարեցնելու համար: Արձակվեց հրաման. խուճապ տարածողներին ձերբակալել և տեղում գնդակահարել: Մի քանի օրվա մեջ իրավիճակը հանդարտվեց, գերմանական գործակալական ցանցը գործնականում չեզոքացվեց:

Հիմա մեզ մոտ ռազմական դրություն է: Մենք չենք ասում, որ խուճապ տարածողներին և դավաճաններին պետք է գնդակահարել, բայց կցանկանայինք, որ նրանց անունները գաղտնի չպահվեին: Իմանայինք, թե ովքեր են, ում դրդմամբ են պետությանը հարվածել, ինչ ուժեր են: Պետական գաղտնիքի խնդիր չկա, պարզապես հետագայում հանրությունը կիմանա, թե այս պատերազմում ով ով է եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ