...

Ովքեր են աշխատանք փնտրում

Ովքեր են աշխատանք փնտրում

Մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.3 %-ով: Այս մասին հայտնում են Զբաղվածության պետական գործակալությանից:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.0 %-ը կամ 31.8 հազ. մարդ, նախորդ տարվա 29.0 հազ. մարդու փոխարեն:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 70.7 %-ը, կամ 60.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.1%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 65.8 %-ը, կամ 40.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը 19.9 %-ը կամ 12.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը 4.0% կամ 2.4 հազ. մարդ:

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 25.6 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 37,8%:

Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 18.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.6%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 53.9 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.3 %-ը:

Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ էկոնոմիկայի և ղեկավարման, սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց թվաքանակը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 24.9 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 49.1 %:

Ըստ տարիքային կազմի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 19.9 %, 30-44 տարեկանները` 41.3 %, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.5 %:

Նշենք, որ գործազուրկների շուրջ 94.8 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության կենտրոններում խորհրդատվություն է ստացել 51,4 հազ. աշխատանք փնտրող, որոնցից 21.1%-ը՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, 9.8%-ը՝ մասնագիտական կողմնորոշման, 29.5 %-ը՝ զբաղվածության ծրագրերի, 4.3%-ը՝ աշխատանքի փոփոխման, 16.1%-ը՝ այլ հարցերով:

Ըստ վիճակագրության՝ տարեսկզբից զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 20.5 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 2493 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 43-ը նոր ստեղծված աշխատատեղ է, իսկ աշխատանքի է տեղավորվել 3458 աշխատանք փնտրող՝ 2466-ը՝ կին, 973-ը՝ երիտասարդ, 62-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, որից 541-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 494-ը՝ ուղեգրով:

Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 716 և դադարեցվել՝ 5056 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում՝ 1.4 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 20.3 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 59.8 %-ը աշխատանքի տեղավորման և 18.5 %-ը այլ պատճառներով:

Ըստ տնտեսության ճյուղերի՝ աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 18.0%, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման՝ 20.3 %, կրթության՝ 11.0%, սպասարկման այլ ծառայությունների 16.5% և 34.2 % այլ ոլորտներում:

Աշխատաշուկայում պահանջարկված են բժշկական խնամքի և մանկաբարձության, առողջապահության բնագավառի մասնագետները, դասավանդողները, ճարտարապետները, ճարտարագետները և հարակից մասնագետները, համակարգիչների մասնագետները:

Միջին որակավորման մասնագետներից պահանջարկված են օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների տեխնիկները և օպերատորները, շինարարության և անվտանգության (հրշեջ, տրանսպորտային միջոցների, արտադրական գործընթացների, արտադրանքի և արտադրության) տեսուչները, միջին բժշկական անձնակազմի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) աշխատողները, հատուկ կրթության դասավանդողներ, ֆինանսների և առևտրի բնագավառների աշխատողները, առևտրական-առևտրային ծառայությունների գործակալները, սոցիալական ոլորտի և արվեստի, զվարճությունների և մարզական բնագավառների աշխատողները։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ