...

Սեպտեմբերին 3700 մարդ է ծնվել

Սեպտեմբերին 3700 մարդ է ծնվել

ՀՀ Վիճակագրական կոմիտեն նոյեմբերի 5-ին տվյալներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի մասին, որոնք վերաբերում են 2020 թ․ հունվար-սեպտեմբերին։ Մասնավորապես ժողովրդագրական իրավիճակին վերաբերող տեղեկանքից պարզ է դառնում, որ 2020թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 967.9 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 899.3 հազ. մարդ, գյուղականը` 1 068.6 հազ. մարդ:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մշտական բնակչության թվաքանակն աճել է․ 2019 հոկտեմբերի 1-ի դրությամբ թվաքանակի ցուցանիշը 2 957.5 էր։ Դիտարկվող ժամանակաշրջանում աճել է նաև քաղաքային և գյուղական բնակչության թվաքանակը․ 2019-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակչությունը 1 893.2 էր, գյուղականը՝ 1 064.3։ Երևանն ունի 1 092.0 բնակիչ նախորդ տարվա 1 083.6-ի համեմատ։

2020թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 125.2 %՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 135 %-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակաշրջանում կենդանի ծնվածների շրջանում սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով:

Հանրապետությունում 2020թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծությունների պատկերը հետևյալն է․ գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 267 դեպք` 2019թ. հունվար-սեպտեմբերի 246 դեպքի համեմատ:

Բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հունվար-սեպտեմբերին ունեն հետևյալ պատկերը
Ծնվել է 26 653 մարդ (2019-ին ծնվածների թիվը 26 445 էր)։ Աղջիկների թիվը 12 612 է, տղաներինը՝ 14 041։ Մահացածների թիվը 21 284 է։ (2019-ին նույն ժամանակահատվածում մահացածների թիվը 19 589 էր)։

Բնական հավելաճը կազմել է 5 369՝ 2019-ին արձանագրված 6 866-ի համեմատ։ Գրանցվել է 9 038 ամուսնություն (2019-ին՝ 11 592) և 2 415 ամուսնալուծություն (2019-ին՝ 2 850 )։ Սեպտեմբերին ծնվել է 3700 մարդ, 2042-ը՝ մահացել։

Առողջապահական ցուցանիշներ

Տվյալների՝ առողջապահությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ըստ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տրամադրած տեղեկատվության, ՀՀ-ում 2020թ. մարտ-սեպտեմբերին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բացահայտման նպատակով իրականացված թեստերի քանակը կազմել է 296 209, հաստատված դեպքերինը՝ 50 850, իսկ առողջացածների թվաքանակը`44 219 մարդ։

Միայն սեպտեմբերին COVID-19-ի բացահայտման նպատակով իրականացված թեստերի քանակը կազմել է 89 398։ Հաստատվել է 6 972-ը, առողջացածների թվաքանակը 5 863 է։

Ներկայացված են նաև մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտությունների արդյունքները։ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտված ՀՀ քաղաքացիների թվաքանակը 2020 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է (ընդամենը) 57 347 կին և 25 541 տղամարդ։

Ելենա Ազատյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ