Ապրիլ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 132 ծնունդ: Լույս աշխարհ եկած փոքրիկներից 75 տղա են, իսկ 58-ը՝ աղջիկ:
Մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաշատ ծնունդն ընդունել է Աբովյանի ծննդատունը՝ 60 ծնունդ:
49 ծնունդ գրանցվել է Հրազդանում: 14 փոքրիկ լույս աշխարհ է եկել Չարենցավանի տարածաշրջանում: Ամենաքիչ ծննդօգնություն գրանցվել է Նաիրիի ծննդատանը: Այստեղ 9 փոքրիկ է ծնվել:
Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում ապրիլին ծնվել է 95 երեխա, որից 50-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ:
Արտակարգ դրության ընթացքում Շիրակի մարզում 180 երեխա է ծնվել՝ 97 տղա, 83 աղջիկ հարաբերակցությամբ: Ախուրյանի Մոր ու մանկան կենտրոնում 89 ծնունդ է գրանցվել:
Իսկ Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում՝ 46-ը:
3 մանկան ճիչ է լսվել Աշոցքի տարածաշրջանում:
Մեկ ամսում Վայոց ձորում 26 ծնունդ է եղել: Ծնվածներից 16-ն արական սեռի են, 10-ը՝ իգական: Վայքի տարածաշրջանում 13, Եղեգնաձորում 12 նորածնի ծնունդ է արձանագրվել:
1 փոքրիկ էլ Ջերմուկի տարածաշրջանում է ծնվել:
Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 7578 երեխա: 2019 թ. առաջին եռամսյակում ծնվածների թիվը կազմել է 7952, իսկ 2018 թ.՝ 8297 երեխա:
Ամենաշատ ծնունդները գրանցվել են Արարատի մարզում՝ 644 երեխա:
Արմավիրի մարզում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ծնվել է 641, Կոտայքում՝ 638 երեխա, Շիրակում՝ 569 երեխա, Լոռիում՝ 566, Գեղարքունիքում՝ 502, Արագածոտնում՝ 316, Սյունիքում՝ 295, իսկ Տավուշում՝ 264 երեխա:
Ծնելիության մակարդակն ամենացածրը եղել է Վայոց ձորում, որտեղ ծնվել է 105 երեխա։
Պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, որ նորածին աղջիկներին ամենաշատն անվանակոչել են Նարե: Երկրորդ հորիզոնականում Մարիա անունն է, երրորդում՝ Արփին:
Տղաներին ամենահաճախ տրվող անունները Դավիթ, Նարեկ, Հայկ անվանումներն են:
Հավելենք, որ նվազել է մահացության ցուցանիշը. առաջին եռամսյակում արձանագրվել է 7289 մահ, նախորդ տարի մահերի թիվը 7307 էր:
Բնական հավելաճը այս տարի կազմել է 289, նախորդ տարի՝ 645: