...

«Ունքը շինելու տեղ աչքը հանելու» տրամաբանությամբ

«Ունքը շինելու տեղ աչքը հանելու» տրամաբանությամբ

Մայրաքաղաքի բակերը բարեկարգելու, երեխաների համար խաղահրապարակներ կառուցելու քաղաքապետարանի որոշումը բոլորովին հակառակ վեկտորով է ընկալվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարության կողմից: Երբ 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի՝ երեխաների համար նախատեսված կարուսելներն ու սղարանները խաղահրապարակներից հավաքեցին և բեռնատար ավտոմեքենաներով տեղափոխեցին, բնակիչներն ուրախացան. հին, երկար տարիների գործածությունից խարխլված խաղասարքերը նորերով փոխարինելու անհրաժեշտություն իսկապես կար: Բայց ինչպես պարզվեց՝ շտապել էին: Չգիտես ինչ տրամաբանությամբ մանկական սղարանների փոխարեն խաղահրապարակներում մեծերի համար նախատեսված մարզասարքեր տեղադրվեցին, չնայած մի քանիսն արդեն իսկ կային: Ծնողները ուղղակի ուժով են հետ պահում փոքրիկներին այդ մարզասարքերի վրա բարձրանալուց, քանի որ դրանք մանկահասակ երեխաների համար նախատեսված չեն, և օր չի լինում, որ որևէ երեխա վնասվածք չստանա: Հավելենք, որ մանկական բացօթյա զվարճանքներից, էլի չգիտես ինչ տրամաբանությամբ տեղ բացվեց միայն վճարովի բատուտի համար:

Բայց սրանք 16 թաղամասի փոքրիկների եզակի խնդիրները չեն: Հրապարակում տեղակայված ցայտաղբյուրները ոռոգման ջրով են աշխատում, և երեխաները, որոնք ամռան տապին զովանում են այդ ջրով, նաև կուլ են տալիս այն, ինչը կարող է տարբեր աղիքային հիվանդությունների պատճառ դառնալ։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, համայնքի բնակիչ լինելով, տեղյակ է այս առնչությամբ բնակիչների դժգոհություններին: Վերջերս էլ, երբ մեծ շքախմբով եկել էր հանդիպելու համատիրության աշխատակիցների հետ, բնակիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները: Բաբինյանը խոստացավ մի երկու կարուսել ու սղարան տրամադրել, սակայն շատրվանների ոռոգման ջուրը փոխելն անհնար համարեց, քանի որ անհրաժեշտ են նոր ջրագծեր, ինչը մեծ գումարների հետ է կապված:

Թաղամասը զրկված է նաև երեկոյան լուսավորությունից, բայց այդ փաստը  ոչ մեկին չի հուզում: Բակերի ծառերից թափվող աննախադեպ շատ որդերի ու մժեղների հարցով էլ, ըստ թաղապետարանի աշխատակիցների, պետք է զբաղվի կանաչապատման բաժինը, ինչը ևս չի արվում: Եվ արդեն չկա հասցե, որով դիմեն բնակիչները, որովհետև բոլոր հարցերն էլ «ունքը շինելու տեղ աչքը հանելու» տրամաբանությամբ են «լուծվում»։

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ