...

Ուրիշ արգումենտ չունեի՞ք

Ուրիշ արգումենտ չունեի՞ք

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «Ազատության» եթերում անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանի քննադատություններին, ասել է. «Ես ուզում եմ հիշեցնել, որ 1996 թվականին հասարակության մի ստվար զանգված մերժում էր իշխանության որոշակի կրողների և նրանց իշխանավարման տարիները: Երբ մեր ժողովուրդը Վազգեն Մանուկյանի հետևից մտավ խորհրդարան, ժողովուրդն իր վերաբերմունքը Արա Սահակյանի գլխի վրա ցույց տվեց, և Արա Սահակյանը ոնց որ թե դասեր չքաղեց»:

Թվում է, թե խորհրդարանական հանձնաժողովի նախագահը Արա Սահակյանին պատասխանելու համար պետք է ինչ-որ փաստարկներ բերի, որ Արա Սահակյանը սխալ է, կարող է քաղաքական գնահատականներ տալ Արա Սահակյանի կուսակցությանը, վերջինիս ղեկավարին, դրսի որոշ ուժերի հետ նրանց կապին, հիշեցնի նրանց ինչ-որ բացթողումներ, թերացումներ, երբ վերջիններս պաշտոնյաներ էին: Կարող էր ընդհանրապես չանդրադառնալ, արհամարհել. ի վերջո, դա էլ է քաղաքական վերաբերմունք:

Բայց Անդրանիկ Քոչարյանն ընտրել է ամենաապաքաղաքական, ամենասուբյեկտիվ և ցինիկ տարբերակը: Կարճ ասած՝ Արա Սահակյանին հետևյալն է ասել. ժողովուրդը քեզ ատում էր, դրա համար էլ խորհրդարան ներխուժելով, գլուխդ ջարդեց: Իմիջիայլոց, Բաբկեն Արարքցյանին էլ էին դաժան ծեծի ենթարկել: 

Նախ, ասենք, որ դա ժողովուրդը չէր, այլ՝ Վազգեն Մանուկյանն ու նրա թիմակիցները: Իսկ դրանք տարբեր բաներ են: Երկրորդ. այդ երբվանի՞ց է խորհրդարան ներխուժելն ու խորհրդարանի ղեկավարությանը ծեծի ենթարկելը համարվում ժողովրդի վերաբերմունք: Վազգեն Մանուկյանը 1996 թվականի դեպքերից հետո 24 տարվա իր գործունությամբ ապացուցել է, որ խորհրդարան ներխուժելն ու մարդկանց բռնության ենթարկելը եղել է նախօրոք պլանավորված, մշակված գործողություն: Եթե նույնիսկ այս հարցում կային իրարամերժ տեսակետներ, տարիների ընթացքում մարդիկ համոզվեցին, 1996-ին ժողովուրդ հասկացություն չի եղել: Եղել է իշխանամոլությամբ տառապող պարանոյիկ, որն իր նպատակներին հասնելու ճանապարհին միջոցների ընտրության հարցում կիրառել է հնարավոր բոլոր քստմնելի և նողկալի եղանակները, գործիքները: Խորհրդարան ներխուժել են նույն մարդիկ, որոնք հետագայում իրականացրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Որի արդյունքում սպանվեց Վազգեն Սարգսյանը: Այն Վազգեն Սարգսյանը, որին հաճախ է հիշատակում Անդրանիկ Քոչարյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին մի հատ հարց ենք տալիս. մի քիչ տհաճ և ցինիկ է հնչելու հարցը, բայց պետք է տանք. հիմա հոկտեմբերի 27-ին խորհրդարան ներխուժելն ու բարձրաստիճան պաշտոնյաներին սպանելը ժողովրդի վերաբերմո՞ւնք է եղել: Մի հատ թող այդ հարցին պատասխանի Անդրանիկ Քոչարյանը: Տարբերությունը ո՞րն է: Որ 1996-ին մարդ չի սպանվել, իսկ հոկտեմբերի 27-ին՝ սպանվե՞լ է: Այսինքն, եթե խորհրդարանում մարդ են սպանում, դա նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողություն է, իսկ եթե գլուխ են ջարդում, ուրեմն՝ ժողովրդի վերաբերմո՞ւնք է: 

Անդրանիկ Քոչարյանին խորհուրդ կտայինք չափազանց զգույշ լինել 1996 թվականի դեպքերի հետ կապված գնահատականներում: Մենք արդեն մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել ենք, որ ընկեր ջան, որ 96-ի դեպքերի համար ներողություն ես խնդրում Վազգեն Մանուկյանից, դրանով դու պետության ղեկավարների հանդեպ հաշվեհարդար տեսնելու կամ ահաբեկչություն իրականացնելու ինդուլգենցիա ես տալիս: Ու հիմա Վազգեն Մանուկյանը՝ այդ ինդուլգենցիան ձեռքում, անում է ճիշտ այն, ինչ արել է 1996-ին: 1999-ին, 2008-ին, 2018-ին: 
Ու հիմա նորից ենք ասում. զգույշ եղեք, մեր քաղաքական կյանքում ոչ մի բան հավերժ չէ: Հավերժ չէ նաև այս իշխանությունը: Առանց այդ էլ իշխանությունների դեմ քարոզչական տեռոր է իրականացվում, բա որ մի օր էլ մարդիկ մտնեն խորհրդարան ու Անդրանիկ Քոչարյանի հետ վարվեն այնպես, ինչպես Արա Սահակյանի հետ են վարվել 1996-ին, հետո էլ ինչ-որ տաքգլուխներ հայտարարեն, թե այդպիսով ժողովուրդն իր վերաբերմունքն է ցույց տվել: Բնավ չէինք ցանկանա իրադարձությունների նման ընթացք, բայց մենք դա տեսել ենք, դրա միջով անցել ենք, ապրել ենք: Դե հետո գնա համոզի, որ դա ոչ թե ժողովուրդ է եղել, այլ մի խումբ ռոմանտիկներ:

Հ.Գ. Թերևս, դեռ առիթ կլինի անդրադառնալ Արա Սահակյանի գործունեությանը, նրա քաղաքական տրանսֆորմացիաներին, հնարավոր է՝ քննադատենք, միգուցե՝ չքննադատենք, անկախ նրանից, որ նա մեր հասցեին վիրավորական գրառումներ է «լայքում», բայց 1996-ի դեպքերը ամենաթույլ, ամենաանհիմն փաստարկն է, որ կարելի է օգտագործել նրա վերաբերյալ հրապարակումներում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ