...

Պատասխանատու ես, ուրեմն մեղավոր ես

Պատասխանատու ես, ուրեմն մեղավոր ես

Ի՞նչ է այսօր ասելու ՀՀ գլխավոր պաշտոնյան։ Համոզված ենք՝ ոչինչ։ Նիկոլ Փաշինյանը հատկապես պատերազմից հետո զբաղված է մի գործով․արդարանում է, այն էլ՝ ապաշնորհ ու վատ։ Նա անդադար փորձում է ապացուցել, որ ինքը պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Երբ պետք է, ընդամենը մոդերատոր է, երբ պետք է, ինքն է որոշողը, թե ով ինչքան կաշխատի։ 

Բնականաբար, շատ լավ հասկանում ենք, որ պատասխանատվության և մեղավորության հասկացությունները տարանջատող Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ սրանք ոչ թե իրար բացառում են, այլ լրացնում։ Բնականաբար, պարզ է, որ լեզվական մինիմալ գիտելիքներ ունի պատասխանատու-մեղավոր բառազույգը հասկանալու համար։ Եթե անգամ չունի, կարող է բառարան բացել և սովորել։ 

Հետևաբար նրա ինչի՞ն է պետք պատասխանատվությունը։ Դարձյալ մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ դա իրեն անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար։ Այսինքն՝ պատասխանատու է, որովհետև դա է նրան հնարավորություն տալիս անձնիշխանություն հաստատելու Հայաստանում, իսկ մեղավորության մերժումը՝ մեղքը ուրիշների վրա գցելու։ 

Եվ այնուամենայնիվ, եթե պատասխանատու ես, ուրեմն պատասխան ես տալու։ 

1․ Պատասխան ես տալու նախ և առաջ երկիրը պատերազմի հորձանուտը նետելու համար։

2․ Պատասխան ես տալու այդ պատերազմում ջախջախվելու համար։

3․ Պատասխան ես տալու հազարավոր զոհերի համար, պատասխան ես տալու վիրավորների համար, պատասխան ես տալու կորածների և, իհարկե, գերիների համար։

4․ Պատասխան ես տալու Հայաստանի անպաշտպան սահմանների համար։

5․ Պատասխան ես տալու երկրիս ինքնիշխանությունը մսխելու համար։

Ընդ որում, պատասխանատվությունն աբստրակտ բան չէ։ Թեպետ պատեհ-անպատեհ սաղմոս ես արտասանում, այնուամենայնիվ երկրային պատասխան ես տալու։

Ի վերջո, պատասխանատվություն վերցնողը շատ լավ պետք է գիտակցի, որ սխալների, հանցանքների համար մեղավոր է։ Պատասխանատվություն վերցնելիս պետք է մտածես՝ որքա՞ն ներուժ ունես, կարո՞ղ ես այս կամ այն գործը պատշաճ մակարդակով անել։ Եթե չես կարող, եթե բեռ տանելու ուժը չունես, ամենապատասխանատու որոշումդ հնարավոր պաշտոնից հրաժարվելն է։ Որովհետև եթե պատասխանատու ես, ուրեմն մեղավոր ես։ Եվ սա աքսիոմա է։

Թեպետ պատերազմից առաջ էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը չունի երկիր կառավարելու հմտություն, ինտելեկտ և ներուժ, շատերի աչքերն էին փակ։ Սակայն պատերազմից հետո ամեն ինչ առավել քան ակնհայտ է։

Ուստի ինչ էլ այսօր, վաղը կամ մյուս օրը ասի Նիկոլ Փաշինյանը, արդարանալու տեղ չունի։ Ինչքան էլ փորձի ամրացնել անձնիշխանությունը, այն վերջ ունի։ 

Ի դեպ, երբ մեր ականջները կտտանքների ենթարկելով լսում ենք նրա թիմակիցների ելույթները, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մենակ է։ Դա առայժմ իրեն դուր է գալիս։ Եվ առայժմ փորձում է մտնել գոնե Կադիրովի կերպարի մեջ՝ կարծելով, թե ներսում և դրսում չեն տեսնում՝ ինչ է անում, օրինակ, ՏԻՄ ընտրություններից հետո, ինչ է անում ապօրինի գույքի բռնագանձման քողի տակ, ինչպես է «պայքարում» քովիդի և կոռուպցիայի դեմ։ Նրան թվում է՝ մարսել է պատերազմն ու պարտությունը։ 

Բայց ընդամենը թվում է։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ