«Մեզ փորձելու են համոզել, որ սահմանների որոշարկմամբ լուծվելու են մեր բոլոր խնդիրները՝ մոտավորապես այնպես, ինչպես Հայաստանի խորհրդանշական դաշտը զավթածները տարիներ շարունակ թաքուցյալ և անթաքույց կերպով քարոզում էին «Արցախն է ձեր լավ չապրելու պատճառը» կեղծ և քայքայիչ մտայնությունը։ Սահմանների որոշարկմամբ «որոշարկվելու» է միայն մեկ բան՝ այն հերթական կետը, որտեղից թշնամին շարունակելու է Հայաստանի բռնազավթման հաջորդ փուլը կոշտ և փափուկ ուժի բոլոր հնարավոր միջոցներով։ Հետևաբար, ազգային միակ իրական անվտանգային օրակարգը պետք է լինի մեր բանակի արագ և որակյալ վերականգման ու արդիականացման գործընթացը և թշնամու հետ հաջորդ բախմանը պատրաստվելը»,- գրում է իրանագետ, ուրեմն գիտնական, ուրեմն մտավորական Վարդան Ոսկանյանը։
«ՉԻ». Իսկ դուք ասում եք՝ մտավորականություն չունենք։ Ունենք, այն էլ ինչպիսի՜ մտավորականություն։ Նախորդ դարասկզբին Պոլսի սրճարաններում ազգիս բախտը որոշող մեծապատիվ մուրացկանների զտարյուն հետնորդներն են, ասֆալտի ֆիդայիների դրոշը բարձր են պահում։
Մի քանի անհարմար հարց տանք պրն Ոսկանյանին․
1․ 1998թ․-ից մինչև 2020-ի պատերազմը Հայաստանում իշխող բոլոր ուժերի ղեկավարները հաղթողական էին, այսինքն՝ հողերը չէին հանձնում։ Ճիշտ է՝ Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը բանակցում էին, դրսում խոստանում, որ ազատագրված տարածքները կամ դրանց մի մասը հանձնելու են, բայց երկրի ներսում հաղթողական էին։ Հիմնական քարոզը ոչ մի թիզն էր։ Հետո եկավ Ն․ Փաշինյանը և հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Ձեր սրտից էր, չէ՞։
2․ Նույն Ն․ Փաշինյանը Արցախն ու Հայաստանը ծանր հարվածի տակ դրեց՝ բանակցություններից հրաժարվելով, որ ձեզ նմաններն իրեն դավաճան չկոչեն։ Մի՞թե սա էլ ձեր ուզածը չէր։
3․ Պնդում եք, թե ինչ էլ լինի, թշնամին շարունակելու է կոշտ կամ փափուկ ուժով Հայաստանը գրավելու ծրագիրը։ Իսկ դուք ի՞նչ ծրագիր ունեք՝ բացի նոր պատերազմի պատրաստվելուց։
4․ Ինչո՞ւ եք հանրությանը ներկայանում այսքան պրիմիտիվ։ Իսկ գուցե իսկապե՞ս չեք հասկանում, որ Հայաստանն այսօր չի կարող խուսափել ցավոտ հարցեր լուծելուց։
5․ Եվ վերջապես, ինչպե՞ս եք արագ և որակյալ արդիականացնելու բանակը, երբ տնտեսությունը քայքայված է, հասարակությունը՝ բարոյալքված, երբ սահմաններին ամեն օր զոհեր ունենք, և մեզ շունչ քաշելու ժամանակ ոչ ոք չի տալու։
Ուրեմն ձեր և ձեր գաղափարակիցների աղմուկ-աղաղակը, նման անբովանդակ, գիտնականին չվայելող գրառումներն ու ելույթները ձեռնտու են միայն ու միայն Ն․ Փաշինյանին։ Պատերազմական քարոզով, Արցախի հարցը պրիմիտիվացնելով՝ դուք արդարացնում եք նրա 2020-ի և այսօրվա վարքագիծը։ Արդարացնում եք թե՛ պատերազմի սանձազերծումը, թե՛ այն ժամանակին չկանգնեցնելը, թե՛ այսօրվա քաոսը։