...

Պայքար կոռուպցիայի դեմ, թե վատ սերիալ

Պայքար կոռուպցիայի դեմ, թե վատ սերիալ

«ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Կարեն Համբարձումյանը պատրաստակամություն են հայտնել կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ պաշտոնյայի համար անձնական երաշխավորություն ներկայացնել: Այս մասին ԱԱԾ պաշտոնատար անձանց կողմից հնդիկից կաշառք պահանջելու գործով դատական նիստին հայտարարեց Էդիկ Ափոյանի պաշտպան Արսեն Սարդարյանը: Նշենք, որ պատգամավորները ներկա էին դատական նիստին»: Այս մասին գրում է Gala.am-ը:

«ՉԻ». Եթե սա անձնական նախաձեռնություն է, ապա խմբակցությունը պետք է հայտարարություն տարածի և դատապարտի իր շարքերում գտնվող պատգամավորների վարքը: Իսկ եթե չի հրապարակում այդպիսի հայտարարություն, ուրեմն կիսում է երկու պատգամավորի նմանատիպ գործունեության քաղաքական պատասխանատվությունը:

Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անողոք պայքար են մղելու կոռուպցիայի և կաշառակերների դեմ, մյուս կողմից՝ թիմի անդամները անձնական երաշխավորություն են ներկայացնում: Երկու պատգամավորները մոտավոր պատկերացում ունե՞ն, թե որքան ջանք է ներդրվել ԱԱԾ պաշտոնյա ձերբակալելու համար:

Այո, պատգամավորն ունի առաջնային մանդատ և կաշկանդված չէ այս կամ այն քաղաքացու համար անձնական երաշխավորություն ներկայացնելու համար: Բայց նման քայլերը զրոյացնում են հավատը, թե իշխանությունն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ:

Ուստի, եթե իսկապես կա քաղաքական կամք, ավելի լավ է հրապարակային հրաժարվել մեկ-երկու պատգամավորից, քան կասկածի տակ դնել գործող իշխանության ամենամեծ հաղթաթուղթը՝ պայքարը կոռուպցիայի դեմ: Հակառակ պարագայում, կոռուպցիայի դեմ պայքարը նմանվում է վատ բեմադրված հնդկական սերիալի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ