1990-ականներին Հայաստանի իշխանությունների դիվանագիտական ձեռքբերումների շարքում առավել հաճախ հիշատակվում են 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտյան և 1996-ի Լիսաբոնյան գագաթնաժողովները, Արցախի իշխանությունների անմիջական հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ:
Մի փոքր ավելի քիչ ենք խոսում հայկական դիվանագիտության ամենախոշոր նվաճումներից մեկի՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունված 907 բանաձևի մասին, որով արգելվում էր Ադրբեջանի կառավարությանը օգնություն տրամադրել: Սա շատ ծանր հարված էր Ադրբեջանի հեղինակությանը, և լուրջ աջակցություն էր Հայաստանին ու Արցախին: Տարեկան Հայաստանն ու Արցախը մի քանի տասնյակ միլիոն դոլար օգնություն էին ստանում:
Բայց հետո եկան ոչմիթիզականները: Հայրենասերները: Չակերտավոր: Եվ իրար ետևից սկսվեցին մեր դիվանագիտական ձախողումները, պարտությունները: Ընդամենը 3 տարում հաջողացրեցին ոչ միայն Արցախը դուրս մղել բանակցային գործընթացից, այլ նաև հասան 907 բանաձևի կասեցմանը:
Ներկայացնում ենք դրա հետ կապված հրապարակումներից մեկը. մի հատ տեսեք, թե այն ժամանակ մեր իշխանավորները ինչ մտածելակերպ ունեին:
«Հայաստանի պաշտոնատարները ուրբաթ օրը ողջունեցին «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևի կասեցման մասին որոշման մեջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Սենատի համաձայնեցման հանձնախմբի կատարած փոփոխությունները, որոնց համաձայն Ադրբեջանին հատկացվող որևէ օգնություն չի կարող օգտագործվել ագրեսիվ նպատակներով Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ և 907 բանաձևի կոնգրեսական որևէ վերանայում պետք է հաշվի առնի նաև Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններում:
1992 թվականից գործող այդ բանաձևը արգելում էր ամերիկյան կառավարությանը օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը: Նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձևը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ՝ հակաահաբեկչական պատերազմում: Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը ընդունել էր 907 բանաձևի լրամշակում, ըստ որի այն կասեցվում էր՝ որոշակի պայմաններով: Հայաստանի քաղաքական գործիչների շրջանում մտահոգություն էր առաջացել, թե Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կարող է օգտագործվել Ղարաբաղի դեմ:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում, անդրադառնալով սրան, ասաց, որ լրամշակման մեջ «ամենահստակ ձևակերպում գտած մասը, այդ անվտանգության մասն է»:
«Ասվում է, որ ցանկացած օգնություն, որ Ադրբեջանը ստանում է ահաբեկչության դեմ պայքարի նպատակով... չի կարող խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը... և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ», - ասաց Վարդան Օսկայանը: - «Մենք մեզ ապահովագրել ենք»:
Շաբաթվա սկզբին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի բացառումը պետք է տեղ գտնի 907 բանաձևի լրամշակման տեքստում:
Համաձայնեցման հանձնախումբը որոշել է նաև Հայաստանին տրամադրվող օգնության չափը՝ 90 միլիոն դոլար ու ևս 4 միլիոն 300 հազար դոլար՝ ռազմական ծախսերի համար: Թե որքան կտրամադրվի Ադրբեջանին, դեռևս չկան հստակ թվեր:
«Մենք, ուրեմն, մասամբ հաղթեցինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, այժմ մի խնդիր է ծագում. ազատագրված տարածքները հայկական համա՞յնք են, թե՞ ոչ: Վահան Հովհաննիսյանը վստահ է՝ այո: Նրա խոսքերով, այնտեղ այն հայերն են բնակվում, որոնք ստիպված, ջարդից փրկվելով փախել են Սումգայիթից, Կիրովաբադից, ադրբեջանական այլ բնակավարերից. - «Ուրեմն այնտեղ կան հայկական համայնքներ, և նրանց դեմ եթե Ադրբեջանի ստացված օգնությունը կիրառվի, ուրեմն դա կխախտի ամերիկյան օրինագիծը: Իսկ մենք դրա դեմ կպայքարենք ամենայն խստությամբ», 15.11.2001թ.: