...

Պետության բացակայության պայմաններում

Պետության բացակայության պայմաններում

Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «168․am»-ի հետ զրույցում Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի թեմայի շրջանակներում ուշագրավ հարցադրումներ է արել։ Օրինակ, վերջինս արձանագրել է․ «ՊԲ 283 կմ պաշտպանական գոտում միայն 20 կիլոմետրում է սկզբնական շրջանում մխրճվել հակառակորդը, մնացած հատվածներում զինվորներն ու հրամանատարները հերոսաբար կռվում էին։ Նրանք մեղավոր չէին, որ հակառակորդը հարավային ուղղությամբ է մխրճվել, այդ ուղղությամբ զինվորներն ու հրամանատարներն էլ մեղավոր չէին, որ հակառակորդը հաջողություն ունեցավ իրենց ուղղությամբ, որովհետև զորքերի հիմնական կուտակումը տեղի էր ունեցել այդ ուղղությամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ չկարողացան ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը, կառավարություններում, Անվտանգության խորհուրդներում, և իրականացնեն զորքերի վերախմբավորում և փակեն այն ճեղքը, որն առաջացել է հարավային ուղղությունում և որը Հորադիզից բերեց-հասցրեց Շուշի»։ Սա մեկ։

Երկրորդ՝ «Ինչո՞ւ իրավական ամբողջ ներուժը, դատաիրավական համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չխփեց պատերազմի թատերաբեմում և թիկունքում մարդկանց փախուստը կանխելու համար»։

Երկու հակադիր իրականությունների մասին է խոսում Սեյրան Օհանյանը։ Հանրային գիտակցության մեջ էլ այս երկու մոտեցումներն են միմյանց բախվում՝ ոչնչացնելով ճշմարտությանը ծնունդ տվող սաղմը։ Տեսեք մի կողմից հայտարարվում է, որ զինվորներն ու հրամանատարները հերոսաբար կռվել են։ Մյուս կողմից մտահոգություն է հնչում, որ պատերազմի թատերաբեմից և թիկունքից մարդիկ փախուստի են դիմել։ Հարց է առաջանում՝ որ տեսակն է գերակշռել՝ հերոսաբար կռվողների՞, թե՞ փախուստի դիմածների։ Սա զուտ թվաբանության համար արվող հարցադրում չէ։ Պատերազմից ահագին ժամանակ է անցել, բայց մենք այդպես էլ չենք հասկանում՝ հիմա կռվե՞լ են, թե՞ փախել։ Իշխանությունը մանիպուլացնում է այս հարցը, երբ իրեն պետք է՝ հայտարարում է՝ կռվել են, երբ նեղն է ընկնում, շրխկացնում է, թե փախել են, դավաճանել են, թշնամիներին մեր կոորդինատներ են տվել-վաճառել։

Ընդդիմությունն էլ նույնն է անում՝ փախուստը դիտարկելով վատ, անորակ իշխանության տիրույթում։ Մեզ մնում է կռահել, ըստ տրամադրության դատողություններ անել՝ այդպես էլ չհասկանալով՝ ամեն ինչ բարդել ուրիշների վրա։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   776 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ