...

Հայաստանը՝ անորակ ընդդիմության և անուղեղ իշխանությունների պատանդ

Հայաստանը՝ անորակ ընդդիմության և անուղեղ իշխանությունների պատանդ

«Բռակների» և «դուռակների» պայքարը

Լավ է ուշ, քան երբեք։ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե եթե ժամանակին այսօրվա իշխանությունների նման իշխանություններ ունենայինք՝ արցախյան առաջին պատերազմում է՛լ կպարտվեինք, իսկ քաղաքական դաշտում արդեն տևական ժամանակ արձանագրվում է այն իրողությունը, որ եթե Հայաստանում նիկոլական իշխանություններ չլինեն՝ Ադրբեջանը չի համարձակվի նոր պատերազմ սկսել։ Դե լավ է, ընդամենը 25 տարի պահանջվեց ընդունելու համար դասագրքային այն ճշմարտությունը, որ պատերազմները հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները, իսկ դա հնարավոր է միայն խելամիտ իշխանություններ ունենալու պարագայում։

Հայտնի խոսք կա՝ «ուղեղն այնպիսի բան է, որ արտաքինից չի երևում, բայց փոխարենը՝ դրա բացակայությունն անմիջապես երևում է»։ Նորմալ, խելամիտ իշխանությունների դեպքում էլ է այդպես․ դրա առկայությունն առանձնապես չի երևում (ու հետևաբար՝ չի էլ գնահատվում), իսկ ահա դրա բացակայությունն անմիջապես երևում է, որովհետև աղետալի հետևանքները չափազանց տեսանելի են լինում։ Ընդ որում՝ սա ասում ենք ոչ թե ամոթանք տալու համար բոլոր նրանց, ովքեր ժամանակին հոխորտում էին, թե բա գիտե՞ք, արցախյան առաջին պատերազմում հաղթել ենք Հայաստանի քաղաքական իշխանություններից թաքուն ու նրանց «ինադու», այլ որովհետև օրվա անուղեղ իշխանությունների գործունեության արդյունքում Հայաստանը կրկին հայտնվել է բարդագույն իրավիճակում, որից նվազագույն կորուստներով դուրս գալու ելքերի փնտրտուքն օրվա հրամայականն է։

Ինչևէ։ Եթե հանրությունը կամաց-կամաց դուրս է գալիս քարոզչական թմբիրից և գիտակցում, որ հաղթանակներն էլ, պարտություններն էլ կախված են իշխանությունների որակից, ու եթե անգամ նախկին պոպուլիստ-ռազմահայրենասերներն են ընդունում դա, նշանակում է՝ այսօրվա բարդագույն իրավիճակը հաղթահարելու առնվազն երկու ամենակարևոր նախապայմանները հստակ են․ առաջին՝ քշել օրվա անուղեղ իշխանություններին, և երկրորդ՝ ձևավորել նորմալ, խելամիտ իշխանություններ։

Այո, տեսականորեն հենց այսպես էլ պիտի լինի, բայց ի՞նչ է տեղի ունենում գործնականում։ Տեսեք, թե ինչ «թեզերով» է փորձ արվում իրականացնել առաջին նախապայմանը։ Մեկն օդում վիլսոնյան Հայաստանի քարտեզն է ճոճում, մի ուրիշը՝ նռնակը ձեռքին պահանջում, որ իրեն անմիջապես 100 հատ պիկապի փող տան, երրորդը՝ հայտարարում, թե Հայաստանը կարող է 4 ամսում այնպիսի հրթիռներ արտադրել, որ Ադրբեջանն անմիջապես հանձնվի (մի քանի տարի առաջ էլ ասում էր, որ Հայաստանը միջուկային զենք ունի), չորրորդն աշխարհով մեկ «մասնավոր հիմունքներով» բանակցում է արցախահայության վերադարձի շուրջ․․․ Լավ, ենթադրենք՝ այս ամենը շատ գեղեցիկ է հնչում, ու հնարավոր է լինելու այդ «թեզերով» իշխանափոխություն իրականացնել։ Բայց արդյո՞ք կարելի է ակնկալել, որ այդ մարդիկ կիրականացնեն նաև երկրորդ նախապայմանը, այն է՝ ձևավորել նորմալ, խելամիտ իշխանություններ։ Բնականաբար՝ ոչ։ Մարդիկ էլ շատ լավ հասկանում են դա, տեսնում են, որ սրանք ընդամենը իրենց կերակրում են ականջահաճո ստերով, ու հանգում են անխուսափելի եզրակացության՝ «սրանց ուզածն ընդամենը իշխանության հասնելն է»։

Կարող են, իհարկե, հարցնել, թե «բայց ինչո՞ւ եք իշխանություններին թողած՝ ընդդիմությանը քննադատում», և այդ հարցադրումը միանգամայն տրամաբանական կլինի։ Բայց դրա պատասխանը շատ պարզ է։ Որովհետև անորակ ընդդիմությունն է այս անուղեղ իշխանություններին հնարավորություն տալիս շարունակել իրենց ազգակործան գործունեությունը։ Իսկ մեծ հաշվով՝ ընդդիմության հենց այս որակն է նիկոլական պատուհասների իշխանության ամրության գրավականը։ Ի վերջո՝ ցանկացած վիրուսի դեմ պայքարում են դեղամիջոցներով, ու եթե չի օգնում՝ պետք է ոչ թե վիրուսին հայհոյել, այլ դեղամիջոցներն ու բուժման մեթոդները փոխել։

Առավել ևս, որ դեղամիջոցների մեծ մասը վաղուց ժամկետանց է, իսկ վիրուսը շատ արագ է զարգանում ու արդեն սպառնում է «կյանքի հետ անհամատեղելի» հետևանքներով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   484 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ