Մեր տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ, գեներալ Արմեն Լալայանը վերջերս Մոսկվայում երկու թանկարժեք բնակարան է ձեռք բերել: Բանակին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Լալայանը, որպես ռազմական կցորդ, 44-օրյա պատերազմի օրերին էլ Սփյուռքից լուսավորման սարքեր և այլ օգնություններ է ստացել բանակի համար, որոնք, սակայն, Հայաստան չեն հասել: Ու թեև դրանց ճակատագիրը տնօրինել է ինքը, սակայն այդ գործում նա միայնակ չի գործել, այլ այն ժամանակ ՊՆ հետախուզության վարչության պետ, գեներալ մայոր, այժմ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի «դաբրոյով»։
Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախկին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «դաբրոյով» էլ, չունենալով բարձրագույն զինվորական և, առհասարակ, բուհական կրթություն, Լալայանը ներկայացվել էր գեներալի կոչման, ինչը հակասում է զինվորական կանոնակարգին: Այս հարցերի պարզաբանման համար դիմել էինք ՀՀ Պաշտպանության նախարարություն, որտեղից, մեր հարցմանն ի պատասխան, ստացել ենք հերթական «լղոզումը»:
«Սփյուռքից առաքված լուսավորող սարքերն ինչո՞ւ չեն հասել հասցեատիրոջը» հարցին ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տվել է ոչինչ չասող պատասխան:
«Ֆինանսական ի՞նչ միջոցներով է Լալայանը ձեռք բերել թանկարժեք բնակարանները» հարցին պատասխանելու փոխարեն նա խորհուրդ է տվել տեղեկատվություն ստանալ համապատասխան պաշտոնական կայք-էջից, քանի որ Լալայանը համարվում է հայտարարատու պաշտոնատար անձ:
«Ինչպե՞ս է Արմեն Լալայանին հաջողվել առանց զինվորական բարձրագույն և առանց բուհական կրթության գեներալի կոչում ստանալ» հարցին ի պատասխան էլ Համլետ Բատիկյանը առանց աչքը ճպելու ստել է: Մեզ ուղարկված պատասխան գրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչ վերաբեր/վ/ում է գեներալ մայոր Ա.Լալայանի առանց բուհական կրթության բարձրագույն կոչում ստանալուն, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ գործող օրենսդրությամբ /նորմատիվ փաստաթղթերով/ բարձրագույն կոչումների շնորհման կարգը չի նախատեսում բարձրագույն կրթության հավաստագրի առկայություն, ինչպես նաև շնորհման, կամ կրման ժամկետներ»։ Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում սևով սպիտակի վրա նշված է. «Ավագ հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև երեք տարի զբաղեցրել է միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոն, կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական /մասնագիտական/ կրթություն»։
Փաստորեն, Պաշտպանության նախարարությունը պատասխանել է պաշտոնական գրությամբ, բայց ըստ էության չի պատասխանել ոչ մի հարցի:
Մ. Ծառուկյան