Արա Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պարտադիր չէ՝ ասեն. մենք դրա նախադեպը ունեցել ենք, հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ղեկավարությունը մտածում էր, որ ինքը թուրքերի հետ լավ հարաբերություններ պետք է ունենա, իսկ Դաշնակցությունը, որ ցեղասպանության ու հողերի մասին է խոսում, խանգարող հանգամանք է, ձերբակալվեց: Դրանով սիրաշահելու քայլ է արվում և լավ ֆոն է ստեղծվում՝ հարաբերությունները բարելավելու: Հիմա ակնհայտ է, չէ, որ Փաշինյանի և Պուտինի հարաբերությունները չեն ստացվել. ինքը մտածում է՝ եթե սիրաշահեց, կկարողանա ստանալ Պուտինի հովանավորչությունը, որովհետև արդեն ժողովուրդը նրա հենարանը չէ»:
«ՉԻ». Ու սույն պարոնը բացի քաղաքականությունից նաև պատմագիտությամբ է զբաղվում: Իրեն հռչակել է Հայկական հարցի ամենախորը գիտակներից մեկը: Բայց տեսնելով, թե ինչ աստիճանի չի տիրապետում 25 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին՝ խորը կասկածներ են առաջանում նաև նրա ավելի վաղ շրջանի գիտելիքների վերաբերյալ:
Ահաբեկչական գործունեությամբ զբաղվելը, կուսակցության ներսում տեռորիստական խմբեր ձևավորելը ի՞նչ կապ ունի Թուրքիայի հետ: Թե՞ իշխանությունը պետք է աչքերը փակեր Դաշնակցության գործունեության վրա, քանի որ նրանք թուրքական դրոշ են վառում և հողերի վերադարձի մասին հայրենասիրական երգեր են երգում: Իմիջիայլոց, եթե Պապյանը ճիշտ է, ապա ինչը խանգարեց Դաշնակցության մի շարք անդամների ձերբակալությունից ու դատապարտելուց հետո, որպեսզի կարգավորվեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Հակառակ դրան, դրանից հետո թուրքական պետության հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ ավելի կարծրացավ:
Հիմա, ինչ վերաբերում է Սասնա ծռերին, կամ ինչպես իրենք իրենց հերթական թյունինգից հետո անվանում են՝ Բևեռին: Կարելի է համաձայնել դատախազության հետ, կարելի է քննադատել և չհամաձայնել, որ Քոչարյանի և Սարգսյանի ազատության մեջ մնալու պայմաններում նրանց նկատմամբ խիստ պատիժներ են պահանջում և այլն, բայց Ծռերի դատապարտումը կամ ազատ արձակումը թերևս վերջին բանն է, որ անհանգստացնում է Պուտինին: Ոչ թե Պուտինը հետաքրքրասեր չէ, պարզապես Ծռերի քաղաքական կշիռը չի համապատասխանում նրա հետաքրքրությունների առարկան դառնալու չափորոշիչներին: