...

Սարգսյանը չոգևորվի, Փաշինյանը հետևություններ անի

Սարգսյանը չոգևորվի, Փաշինյանը հետևություններ անի

Երեկ նախկին իշխանության կողմնակիցների սոցիալական ցանցերի դիմապատկերներում մի քեֆ, մի ուրախություն էր: Սերժ Սարգսյանը ոչ միայն մարդամեջ էր դուրս եկել, այլ նաև հանդիպել մի ամբողջ երկրի մի ամբողջ դեսպանի հետ: Իհարկե, հասկանալի է նախկինների խանդավառության պատճառը: Եթե ամբողջ 1,5 տարի քեզ ոչ-ոք չի այցելում, ուրախ կլինես ցանկացած հյուրին: Բայց Սերժ Սարգսյանը ճիշտ կանի գիտակցի, որ հյուրի այցելությունը կապված է ոչ թե այն հանգամանքի հետ, որ իր դերն է բարձրացել կամ իրենից փորձում են ստանալ գործոն, այլ նրան այցելելով՝ մեսիջներ են հղում գործող կառավարությանը: Իսկ ԱՄՆ կողմից մեսիջներ հղելու անհրաժեշտություն առաջացել է ՀՀ կառավարության վերջին քայլերի և արտաքին քաղաքական հռետորաբանության հետ կապված: Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները բավականին սրվեցին, Մոսկվայում մեծ կասկածանքներով էին նայում Հայաստանի նոր իշխանություններին՝ լուրջ վերապահումներ ունենալով նրա ծագումնաբանության և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ: Ասել, թե այդ վերապահումները և կասկածները մինչև վերջ վերացել են, սխալ կլինի, քանի որ պուտինյան Ռուսաստանը միշտ էլ զգուշորեն է մոտենալու ցանկացած իշխանության, որը հեղափոխության ծնունդ է:

Իր բնությունով նրան միշտ խորթ են լինելու այն իշխանությունները, որոնք փողոցի աջակցության շնորհիվ են եկել իշխանության: Բայց վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է որոշակի փոխըմբռնման մեծացում: Իսկ դա կապված է այն հանգամանքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ջանք չի խնայում ներկայացնելու իր և Պուտինի հարաբերությունները իբրև հրաշալի:

Նա մի քանի անգամ հրապարակային գովեց Պուտինին, այդ թվում Սիրիայում հայերին աջակցելու և փրկելու համար: Բացի դրանից, հայտնի դարձավ, որ Հայաստանը համաձայն է, որ Ռուսաստանը կրկնապատկի իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Խոսքը, թե՛ ռազմական արսենալի, թե՛ նյութատեխնիկական միջոցների և թե՛ մարդկային թվաքանակի ավելացման մասին է: Սրան գումարվում է նաև Հայաստանի իշխանության գործուն քայլերը ԵԱՏՄ գործունեությունն ընդլայնելու և առիթ-անառիթ նրա հեղինակության բարձրացման մասին խոսելը:

Եվ հիմա, Միացյալ նահանգները՝ ի դեմս դեսպանի այցելելով Սերժ Սարգսյանին, հստակ ուղերձ են հղում ՀՀ կառավարությանը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին: Հարաբերությունների նորմալացումը մի բան է, մեկ այլ բան Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալը: Եվ պատահական չէ, որ հանդիպում չի նախաձեռնվում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ, այլ ներկա իշխանության ամենամեծ անտագոնիստի հետ: Մյուս անտագոնիստի հետ հանդիպումը հնարավոր չէ տեխնիկական պատճառներով` կալանավորված է:          

Սերժ Սարգսյանը առանձնապես ոգևորվելու առիթ չունի այդ հանդիպման փաստից, բայց իշխանությունն էլ պետք է հետևություններ անի դրանից: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ