ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ԹՈՀՈՒԲՈՀԻ ՄԵՋ
Ելի՛ր, ում կյանքն անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը
Արդեն կռվի ենք մենք ձգտում։
Այս շաբաթվա ամփոփումը սկսենք «Ինտերնացիոնալի» այս տողերից: Կասկածելի արդիական է: Ամբողջ աշխարհը թաղված է ինտերնացիոնալ պատերազմում: Սիրիայում թուրքամետ ջիհադիստները, քրդամետ իսլամիստները, ամերիկամետ քրդերը, սիրիամետ ալավիտները, իրանամետ արաբները, և իհարկե, տիրազուրկ հայերը, խառնվել են իրար: Մի իսկական ինտերնացիոնալ աջաբսանդալ:
Բայց թողնենք սիրիական աջաբսանդալը, վերադառնանք կովկասյանին, որտեղ Իլհամ Ալիևը ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բազմաթիվ պահանջներ ներկայացրեց Հայաստանին, սկսած վնասների փոխհատուցումից, վերջացրած ադրբեջանցիներին Հայաստանում տեղավորելուց: Սպառնաց հայերին, Մակրոնին, ծաղրեց Ժոզեֆ Բորելին:
Դուխով էր խոսում, որովհետև օգտվում է ադրբեջանական նավթի ծորակներից:
ՄԵՐ ԾՈՐԱԿՆ ԷԼ ՎԱՏԸ ՉԻ
Բայց, ոչ պակաս դուխով պատասխանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարեց, որ Հայաստանում շատերն են բողոքում ջրամատակարարման որակից, մագնիս են դնում ջրաչափի վրա, եթե, իհարկե, ջրաչափ ունենում են, ձմեռը ջրի վինտիլը չեն փակում:
Իսկ Ալիևի այն մեղադրանքին, որ Հայաստանը մեծ ծավալի սպառազինություններ է գնում, Փաշինյանը արձագանքեց, որ հայերը թրաշվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց են թողնում: Շատ էր զայրացած: Դե ո՞նց չհպարտանաս նման ղեկավարով:
Այս օրերին Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես քողարկված պատասխանեց Ալիևին: Ժամավճարով փիղ նստեց: Այսինքն, ուզում էր ասել, որ հայերը վախեցող չեն և պատրաստվում են Ավարայրի ճակատամարտին: Լավ էլ արդեն վարժվել էր փղին:
Դա մեր գաղտնի զենքն է լինելու:
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂԸ
Ու սա հեքիաթ չէ, ի տարբերություն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ընկերոջ, որի խնդրանքով էլ մանդատը վայր չէր դրել, բայց դա հեքիաթային պերսոնաժի հեքիաթային խնդրանք է եղել: Հետաքրքիր է, Աղազարյանի հեռախոսի միջի էն 18+ վիդեոներից ո՞րն է եղել հեքիաթ, որը քաղցր իրականություն:
Իմիջայլոց, Հովիկ Աղազարյանը նաև հայտարարեց, որ գիրք է գրում, որը կոչվում է «Երկրի իրական կողմը»: Այսինքն, «Երկրի հակառակ կողմը» գրքի հեղինակ Նիկոլ Փաշինյանի քրիստոսահաճո թոզը դեռ վրան է: Լավ կլիներ, որ գիրքը վերնագրեր «Մարմնի հակառակ կողմը», կամ «Չաթի 50 սմայլիկները»: Մի քիչ ստեղծարար եղեք: