«Եթե մենք խոսում ենք Մարտի 1-ի տասը զոհերի մասին, ապա պետք է խոսենք նաև այս 200-ից ավելի զոհերի մասին։ 2 մահ ունեցանք ուշացնելու պատճառով, դա նշանակում է՝ Փաշինյանի անգործության հետևանքով՝ երկու զոհ, ու Մարտի 1-ի 10 զոհերի մասին երբ խոսում ենք, սա էլ պետք է ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը:
«ՉԻ». Չէ, այլևս Շարմազանովի ինիցիալները չեն արտահայտում հանրապետականի ողջ էությունը: Օրինակ՝ ճիշտ կլինի ինիցիալներից առաջ նշել՝ «բացառիկ» կամ «բարոյական օրենքներից զուրկ»:
Կորոնավիրուսը ամբողջ աշխարհում արդեն 400 հազար մարդ է սպանել: Իհարկե, սա հայտնի փաստ է, բայց Շարմազանովի ինիցիալները հուշում են, որ նա, հնարավոր է, տեղյակ չէ: Վարակի պատճառով մահանալը և քաղաքի կենտրոնում հանուն իշխանության պահպանման 10 երիտասարդների գնդակահարությունը նույն հարթության մեջ դնելու համար միայն Շարմազանովի ինիցիալներն ունենալը քիչ է: Ամենայն հավանականությամբ նման անհեթեթություն ասելու համար ուրիշի չեն գտել և նրան են բերել առաջին պլան:
Իսկ երկու մահը եղել է, որովհետև Շարմազանովի քաղաքական հայրերը կերել են Հայաստանի բյուջեն և հիվանդանոցների փոխարեն արտասահմաններում կառուցել և ձեռք են բերել հինգ աստղանի հյուրանոցներ: Ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ մահճակալների փոխարեն գնել են հերթական «Մերսեդեսը» կամ «Բուրանը»:
Այս ցինիկ հռետորաբանությունը Շարմազանովին և մնացածին հասցրեց տոտալ մերժման վիճակի: Թող շարունակեն նույն տեմպով, որպեսզի առերեսվեն տապալման վերջին սերիայի հետ: