«Իմ տպավորությամբ՝ Բելառուսում գունավոր հեղափոխության, գունավոր հեղաշրջման փորձ է»,- «Առավոտ» թերթի հետ զրույցում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:
«ՉԻ». Ինչպես ասում են՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին:
Տպավորություն է, թե Սորոսն է ստիպել Սարգսյանին, Լուկաշենկոյին և «գունավոր հեղափոխությունների» մյուս զոհերին թալանել երկիրը, մարդկանց զրկել ազատություններից ու իրավունքներից, կեղծել ընտրությունները և փորձել հավերժ ղեկավարել: Սորոսն է ստիպել գնդակահարել անզեն ցուցարարներին:
Սորոսն է ստիպել Լուկաշենկոյին իր երկրի քաղաքացիներին անվանել «անբան ոչխարներ»: Սորոսն էր ստիպել Սարգսյանին մարդկանց ահաբեկել նոր Մարտի 1-ով:
Ոչ մի տեխնոլոգիա չի կարող ավելի շատ մարդ հանել փողոց, քան Լուկաշենկոյի, Սարգսյանի և մնացածի անմիտ և անհեռանկար վարքագիծը:
Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, որ հայտնի կենդանու համառությամբ պետք չէ կրկնել, թե 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում: Մեղադրել մի ամբողջ ժողովրդի նույնն է, ինչ առավոտից երեկո գլխով խփես բետոնե պատին: Եթե Սերժ Սարգսյանն իսկապես բոլոր հանրապետականների հայրն է, ապա պետք է վաղուց մտահոգված լիներ Շարմազանովի առողջությամբ և արգելեր նրան կիրառել այդ վնասակար սովորությունը: