ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է. «Հայ ժողովրդի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որը չափորոշիչներով փոխարինվել է Արևելյան Անատոլիայի: Այսինքն, եթե այսպես շարունակվի, այս քայլող պարոններն ու տիկնայք մի օր էլ կարող է Արարատը վերանվանեն Ադրիդախ, ոնց որ թուրքերն են անվանում, հետո՝ Երևանը Էրիվա՞ն»:
Ժողովուրդ ջան, մենք մի լուրջ պրոբլեմ ունենք: Այս իշխանությունները քանի գնում, այնքան՝ համը հանում են: Բազմաթիվ ոլորտներում՝ ձախողում ձախողումի հետևից: Դատական իշխանությունից սկսած, ավարտած՝ կադրային վերջին նշանակումներով: Էս ամեն ինչին հիմա էլ ավելացել է Մաշտոցի պուրակի պատմությունը: Ծառեր են կտրում, իրար վրա են գցում պատասխանատվությունը: Լրիվ կիլդիմ են սարքել:
Բազմաթիվ խնդիրներ են հասունացել, որոնց համար այս իշխանությունները խիստ քննադատության են արժանի: Բայց հենց ուզում ես անդրադառնալ իշխանությունների բացթողումներին, մի երկու բան ասես, մեկ էլ նախկին իշխանավորներից հերթականն այնպիսի բան է գրում, որ ստիպված ներկա իշխանություններին մի կողմ ես դնում, արձագանքում նախկիններին: Չնայած, սա էլ է իշխանությունների գործը, մի ամբողջ ՊՈԱԿ հավայի պահում են:
Շարմազանովին մի բան հիշեցնենք: Իհարկե, դուք էլ իրավունք ունեք քննադատել: Մենք հետևում ենք, թե ձեզանից ով ինչ է քննադատում: Լինում են նաև օբյեկտիվ քննադատություններ:
Բայց ով-ով, գոնե դուք որևէ քաղաքական ու բարոյական ռեսուրս չունեք իշխանություններին քննադատել մի հարցում, որտեղ Հայաստանին ու հայ ժողովրդին խայտառակել եք:
Այնպիսի տոնով են գրում, թե այս իշխանությունները մի օր Արարատը կվերանվանեն Ադրիդախ, կարծես թե իրենք չէին, որ թուրքերի, շեշտում ենք՝ թուրքերի պահանջով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկի վրայից հանել էին Արարատ, շեշտում ենք՝ Արարատ լեռան պատկերը, ինչ է թե, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը գալու էր Երևան՝ Հայաստան-Թուրքիա խաղին, ու չէին ուզում, որ մեր ֆուտբոլիստների մարզաշապիկներին Արարատ լեռը երևա: Ու Թուրքիայի պահանջը հլու-հնազանդ կատարել էին: Ամեն տեղ, որտեղ Արարատ լեռան պատկերով ինչ-որ նկար է եղել, գովազդային վահանակ և այլն, բոլորը հանել, թաքցրել էին, որ թուրքերի աչքին չերևա:
Ասում էին՝ դե, ոչինչ, հայ-թուրքական սահմանի բացման հարց ենք լուծում, կարևորը դա է, հիմա մի հատ Արարատ լեռան նկար է, էլի, պաժառ չի: Բնականաբար, սահմանը չբացվեց, թուրքերը Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մատների վրա խաղացրին, իրենց ուզածին հասան, ցեղասպանության հարցն էլ միջազգային հարթակներից ու օրակարգերից հանեցին, ու վերջ:
Հիմա ո՞ւմ դեպքում էր ավելի հավանական, որ Արարատ լեռը վերանվանեն Ադրիդախ. թուրքերի պահանջով Արարատ լեռան պատկերը հանած իշխանությունների՞, թե՞ այս քայլող իշխանությունների: Մեզ թվում է, պատասխանն ակնհայտ է:
Կրակն ենք ընկել այս իշխանությունների և այս ընդդիմություն կոչվող զանգվածի ձեռքը: