...

Թիթեռ նկարողները

Թիթեռ նկարողները

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

«ՉԻ». Օյին են թե՛ Վճռաբեկ դատարանը, թե՛ գլխավոր դատախազությունը: Շատ հրաշալի զույգ են: Ճիշտ կանեն՝ համագործակցեն և իրավական նոր գլուխգործոցներ երկնեն:

Օրինակ՝ գլխավոր դատախազությունը կարող է դիմել Վճռաբեկ դատարան և վերջինս մի որոշ ժամանակ անց իրավական գնահատական տա Ավարայրի ճակատամարտին: Նշի, որ փղերի օգտագործումը պարսիկների կողմից անօրինական էր, բայց դե՝ ինչ արած:

Կարող է ավելի հետաքրքիր բան անել: Օրինակ՝ գլխավոր դատախազությունը կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Քոչարյանի՝ 1998 թվականի ընտրության օրինականությունը: Դատարանը մի երկու տարի կքննի գործը, կպարզի, որ տեղեկանքը կեղծ էր, բայց նաև կշեշտի, որ որոշումը հետևանքներ չի կարող առաջացնել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է:

Պետական ապարատը պարապ մնալու իրավունք չունի, բյուրոկրատիան պարապ մնալու դեպքում դեգրադացվում է: Ուստի շատ ճիշտ մարտավարություն է: Թող պարապեն, իրավական խաղեր ու օլիմպիադաներ անցկացնեն, որպեսզի չփտեն: Գուցե գա օրը և նրանց հմտություններն ու գիտելիքները պրակտիկ կիրառում ունենան: Գուցե:

ՎԱՐԿԱՆԻՇ

   820 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ