ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով քոչարյանական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և վերջինիս ընտանիքի, նրանց անշարժ գույքի վերաբերյալ, նշել է. «Նկատի ունենալով, որ կեղծված փաստերը ներկայացվել են հենց «հայրենասիրություն խաղալու» չափումների համատեքստում, հույս ենք հայտնում, որ «Yerevan Today» լրատվական կայքի գործընկերները նույն նախանձախնդրությամբ ուսումնասիրում և առաջիկայում ամենայն մանրամասնությամբ հրապարակայնացնելու են նաև ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, այնպես էլ նախկինում պետական ծառայողներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդիսացած՝ հրապարակման մեջ հիշատակված Ռ. Քոչարյանը և մյուսները գործով մեղադրյալների գույքերը, այդ թվում` բնակարանների քանակը, դրանց զբաղեցրած տարածքները, յուրաքանչյուր բնակարանը ձեռք բերելիս դրա կարիքը, ձեռքբերման եղանակներն ու աղբյուրները: Եվ այդ համեմատության հիման վրա նաև հրապարակման մեջ արված հարցադրման շրջանակներում նշելու են, թե վերջիններիցս քանի՞սն են իրենց գույքը տնից զրկված արցախցի որևէ ընտանիքի հատկացնելու նախաձեռնություն ցուցաբերել»:
«ՉԻ». Իմիջիայլոց, դատախազության ներկայացուցիչը շատ ցավոտ ու դիպուկ հարցադրում է արել: Որքան մենք տեղյակ ենք, Քոչարյանների ընտանիքին պատկանող անշարժ գույքի թիվն անցնում է 30-ի սահմանը: Բազմաթիվ առանձնատներ, էլիտար բնակարաններ, շենք ու շինություններ, տարածքներ: Ու սա՝ դեռ չհաշված նրանց պատկանող հյուրանոցները, մեդիաները, ապահովագրական ընկերությունները, հիվանդանոցները:
Բայց մեզ էլ է իսկապես հետաքրքրում. Քոչարյանների ընտանիքը քանի՞ արցախցի փախստականի է պատսպարել իր անհաշիվ բնակարաններում: Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը ահավոր ծանր է տանում պատերազմի պարտությունը, ախ ու վիշ է անում, իր վիշտը կիսում արցախցիների հետ: Հավատում ենք: Բայց քանի՞ հոգու է օգնել կացարանով: Անկեղծ ասած, չենք էլ սպասում, որ պատասխան կլինի:
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021