Գործերը լավ չեն: Ընտրություններում պարտվել է, ընտրություններից հետո սկսված պատերազմում էլ է պարտվել ու հիմա գերիների փոխանակման համաձայնագրով նոր իշխանությունները որոշում են նրան Ստեփանակերտ վերադարձնել:
Ինքը բողոքարկում է որոշումը, և հիմա դատական նիստ պետք է լինի: Քանի որ ընտրություններում ահագին տակ է տվել, ջեբի փողը քիչ է, ստիպված է ընդամենը յոթ փաստաբան վարձել:
Նիստը սկսվում է: Փաստաբաններից Հայկ Ալումյանը դատավոր Գագիկ Ջհանգիրյանին ԺԵԿ-ի տեղեկանք է ներկայացնում, որ պաշտպանյալը վերջին 20 տարում ընդհանրապես չի բնակվել Ղարաբաղում և վերջին 10 տարում էլ ընդհանրապես չի եղել Ստեփանակերտում: Անձնագրային բաժնից էլ փաստաթուղթ է ներկայացնում, որ 1998 թվականին Վազգեն Սարգսյանի իրականացրած հեղաշրջումից հետո պաշտպանյալի բոլոր ազգականները ստիպված են եղել արտագաղթել Հայաստան: «Հետևաբար, իմ պաշտպանյալին Ղարաբաղ ուղարկելու որոշումը անհիմն է: Մարդը ո՛չ ապրել է այնտեղ, ո՛չ եղել, ո՛չ էլ բարեկամ ունի: Այսինքն, նա որևէ կապ չունի Ղարաբաղի հետ: Այստեղ է կրթություն ստացել, այստեղ է հայերեն սովորել»:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանը խոսք է վերցնում. «Առարկում եմ, հարգելի դատավոր: Ո՞նց թե մեղադրյալը Ղարաբաղի հետ կապ չունի: Ահավասիկ, ձեզ եմ ներկայացնում նրա ինքնակենսագրականի 27-րդ հատորը, որի 713-րդ էջում գրել է, մեջբերում եմ. «Ես գիշերը Ստեփանակերտի իմ տնից դուրս եկա, թաքուն բարձրացա Շուշի, ադրբեջանցիներին ասացի, որ սաղդ շրջապատված եք, կամ հանձվեք, կամ փախեք: Թուրքերը փախան, ու այդպես մենակով գրավեցի Շուշին»: Բա ո՞նց է գրավել Շուշին, եթե այնտեղ չի եղել»:
Ինքը տեղից վեր է թռնում ու ասում. «Սուտ ա, տենց բան չի եղել: Էդ Արմենչիկն ա գրել, ես էլ առանց նայելու տպել եմ տվել: Որ ուզում եք իմանաք, Շուշին էն Լևոնն ա գրավել: Թաքուն գրավեց, հետո գցեց իմ վրա: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Շառ են, արա»:
Փաստաբաններից Արամ Օրբելյանը միջնորդում է որպես վկա հրավիրել Սամվել Բաբայանին: Վերջինս մոտենում է, փաստաբանը հարցնում է. «Վկա Բաբայան, ո՞վ է գրավել Շուշին»: Սյամոն կարմրում է, գլուխը կախում: «Վկա, հանգիստ պատասխանեք, մի՛ վախեցեք, ձեզ ոչ ոք Ղարաբաղ չի ուղարկի»,- կոչ է անում դատավորը:
«Լևոնը»,- մի կերպ արտաբերում է Սյամոն: «Ըհը, տեսա՞ք,- ուրախացած ասում է ինքը,- որ ասում էի, չէիք հավատում: Սաղ Լևոնն ա արել: Էս սաղ իրա ղալաթներն են: Որ ուզում եք իմանաք, հենց ինքն ա Ղարաբաղին բանակցությունների մեջ մտցրել: Ես հանում էի, ինքը մտցնում էր, ես հանում էի, ինքը մտցնում էր: Հիմա ո՞վ ա ղարաբաղցին, ե՞ս, թե՞ ինքը»:
«Հարգելի դատավոր»,- ասում է Հայկ Ալումյանը: - Քանի որ բոլոր փաստերը առկա են, որ իմ պաշտպանյալը Արցախի հետ կապ չունի, առավել ևս՝ Շուշիի ազատագրման հետ, ես միջնորդում եմ, որ նրա փոխարեն Լևոնին ուղարկեն Ղարաբաղ: Հերիք չէ, որ ինքն է գրավել Շուշին, Ղարաբաղն էլ զոռով խցկել բանակցությունների մեջ, մի հատ էլ տեղեկանք եմ ներկայացնում առ այն, որ նա 7 տարում ավելի քան 1 մլրդ դոլարի զենք է ուղարկել Արցախ: Մինչդեռ իմ պաշտպանյալը 10 տարում ընդամենը 121 մլն դոլարի զենք է գնել, էն էլ մեծ մասը՝ 80-ականների, կիսաժանգոտած, դեպք է եղել, որ տավարի մսի փոխարեն գոմեշի միս ա սղղացրել բանակին: Որտե՞ղ եք նման Արցախցի տեսել: Հիմա այսքանից հետո դուք ի՞նչ երեսով եք ուզում իմ պաշտպանյալին Արցախ ուղարկել, երբ իրական մեղավորը մինչև հիմա անպատիժ ասուլիսներ է տալիս»:
Դատավորը մտնում է խորհրդակցական սենյակ, մի ժամ հետո դուրս գալիս և հայտնում. «Դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ նիստը կկայանա Ստեփանակերտում»: Ինքն ուշագնաց է լինում:
Արթնանում է Մետաքսի կոմբինատում: