...

Գագիկ Ջհանգիրյանի երազը

Գագիկ Ջհանգիրյանի երազը

Ինքն ընտրվել է Հայաստանի գլխավոր դատախազ: Աշխատանքային առաջին օրը մտնում է կաբինետ, նստում բուխարիի մոտ դրած ճոճվող աթոռին ու բացում մամուլը: Հայկական մամուլը հպարտությամբ գրում է, որ ինքը Հանրապետության պատմության մեջ Ջհանգիրյան ազգանունով առաջին դատախազն է: Ինքը փքվում է հպարտությունից:

«Տըզզ»,- տզզում է քարտուղարուհու կոճակը: Սեղմում է. «Հը՞, ի՞նչ կա»,- հարցնում է ինքը: «Պրն գլխավոր դատախազ»,- ձեզ մոտ առաջին այցելուն է եկել:

«Ո՞վ է»:

«Հիմա ճշտեմ... Ռուբեն Վարդազարյան, ասում է, ձեր ուսանողն է եղել»:

«Ասա, թող ներս գա»,- կարգադրում է ինքը: 

Ներս է մտնում Ռուբեն Վարդազարյանը, մինչև գետին խոնարհվում: «Շնորհավորում եմ ձեզ, պրն Ջհանգիրյան: Դուք արժանի էիք այս պաշտոնին, դուք հրաշալի իրավաբան եք, հրաշալի մանկավարժ, իմ կյանքում տեսած լավագույն դասախոսը»:

«Կարճ կապի, Ռուբո, ուզածդ ի՞նչ է»: 

«Ի՞նչ ա պետք, որ ինձ Երևանի դատախազ նշանակեք»:

«Էդ ո՞ր խաչից»:

«Կներեք, հարցը սխալ ձևակերպեցի: Ինչքա՞ն ա պետք»:

«Էդ հեռախոսդ անջատի»:

«Ո՞նց... չլինի մտածում եք, թե ձայնագրում եմ: Հորս արև, բա ես էդ մարդն ե՞մ»:

«Այ տղա, անջատի»:

Վարդազարյանը հոգոց հանելով անջատում է:

«Դե հիմա ասա»,- ասում է ինքը:

«Ինձ նշանակեք, առաջին տարին կաշխատենք 50/50 տարբերակով, երկրորդ տարուց արդեն 40/60... 60-ը ձեզ»:

«Էդ ինչի՞ ես աչքերդ փախցնում»,- հարցնում է ինքը ու սեղմում սելեկտորի կոճակը:

«Լսում եմ, պրն դատախազ»,- լսվում է քարտուղարուհու ձայնը:

«Մի հատ էն մեր ՏՏ ոլորտի այթիշնիկին կանչի»:

Ներս է մտնում այթիշնիկը: «Մի հատ ստուգի իրեն»,- հրահանգում է ինքը:

Երիտասարդ մասնագետը գրպանից մետաղորսիչի պես մի հատ ձող է հանում, մոտեցնում Վարդազարյանին: «Տըզզ»,- մետաղորսիչի կանաչ լույսը վառվում է:

«Շալվարի ձախ գրպանում «Պանասոնիկ» ձայնագրիչ կա»:

«Հանի»,- հրամայում է ինքը:

Վարդազարյանը ձախ գրպանից հանում է «Պանասոնիկ» կասետային ձայնագրիչը. «Էս.. էս.. մոռացել էի... ջեբս են գցել....»,- կմկմում է ինքը:

Այթիշնիկը նորից ձողը մոտեցնում է, նորից կանաչ լույսը վառվում է: «Սարոչկեդ հանի»,- ասում է ինքը:

Վարդազարյանը վերնաշապիկը հանում է, դոշին լարեր են կապած, մեջտեղում՝ հեռակառավարվող ազդանշանային փոքր ձայնագրիչ: «Էս, էս... շան տղա ըլեմ, չգիտեմ էլ...»,- նորից կմկմում է:

«Պայուսակում էլ ինչ-որ բան կա»,- հայտնում է այթիշնիկը:

Բացում են պայուսակը, մեջը iPone-19 հեռախոս է, լայվը միացրած: 

«Արա´,- զայրացած վրա է բերում ինքը,- սաղ աշխարհին ես եմ կռուտիտ անում, էս դու եկել, ուզում էիր իմ վրա գործ սարքեի՞ր, այ քու **** ******»: 

Այդ պահին կաբինետի դռները բացվում են, ներս են մտնում Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը և Ամրամ Մակինյանը: «Բարև ձեզ, մենք Ռուբեն Վարդազարյանի իրավունքների պաշտպանության փաստաբանական խումբն ենք, էս չլնի՞ մեր պաշտպանյալի իրավունքները խախտում եք»:

«Արա, էլի սրանք»,- ձեռքերը թափ է տալիս ինքն ու սեղմում սելեկտորի կոճակը. «Մի հատ շտապ շտապօգնություն կանչեք: Ես մի ամսով հիվանդանում եմ»:

Արթնանում է ԲԴԽ-ի բուժկենտրոնում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ