...

Թո՜ւ, իսկականից՝ թո՜ւ

Թո՜ւ, իսկականից՝ թո՜ւ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր: Բնականաբար, թեման Արցախի պատերազմն էր, դրա հետևանքները, ներքաղաքական ճգնաժամը, Փաշինյանի հրաժարականը:

Հիմա ձեզ մի դրվագ ենք ներկայացնում «Հայելի» ակումբի վարող Անժելա Թովմասյանի և Հրանտ Բագրատյանի խոսակցությունից:

Հրանտ Բագրատյանն ասում է. «Նիկոլը մտածում էր. Ղարաբաղը տանք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավանանք, Արևմուտքի հետ լավանանք, Ռուսաստանին ֆուկ անենք: Սա սորոսականների տեսությունն էր: Սրանց բացատրում ես, որ այդ տեսությամբ Արցախը լինի, թե չլինի, Հայաստանը կամ թուրքերի հետ պիտի լինի, կամ՝ ռուսների»:

Անժելա Թովմասյանն ընդհատում է Բագրատյանին ու ասում. «Էդ ձեր հին բարեկամ Լևոն Տեր-Պետրոսյանին բացատրեք, այդ տեսությունը մնաց, եկավ հասավ այսօր: Որ պիտի հանձնենք, որ լավ ապրենք»:

Հրանտ Բագրատյանը պատասխանում է. «Ես չեմ քննարկում Առաջին նախագահին: Հիմա ասում եք, տենց ա ասել, տենց չի ասել, ես չգիտեմ»:

Հը, ո՞նց էր: Լավ երկխոսություն է, չէ՞: Անժելա Թովմասյանին չենք քննարկում. նա այնքան կապ ունի լրագրության հետ, որքան Իլոն Մասկը՝ Հայ Դատի: Բայց որ Հրանտ Բագրատյանը կուլ է տալիս այդ խեղկատակի խոսքերը, ու ասում՝ չգիտեմ, ասել է նման բան, թե ոչ, սա ապշեցուցիչ է: Փոխանակ շրջվեր, ասեր. «Աղջիկ ջան, Լևոն Տեր-Պետրոսյանը տարածքներ է գրավել, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը ապահովել, էդ դու ո՞վ դարձար, որ քո անգրագետ հալով Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան բացատրես, կամ նրան հողեր հանձնող համարես, կամ ասես՝ սորոսականների թեզն Առաջին նախագահն է առաջ քաշել»: Ոչ միայն սա պիտի ասեր, մի հատ էլ պետք է կանգներ, թքեր ու հայտարարեր, որ այլևս ոտք չի դնելու այդ ակումբ: 

Լուրջ ենք ասում, արժանապատվություն ունեցող մարդը հենց այդպես էլ կաներ: Մանավանդ, մի մարդ, որը 1990-ականների պատերազմի ժամանակ վարչապետ է եղել, աշխատել է Տեր-Պետրոսյանի հետ, ու շատ լավ գիտի, թե Առաջին նախագահը ինչ է արել պատերազմում մեր հաղթանակների և միջազգային ատյաններում մեր ձեռքբերումների համար: Ու չպետք է հասկանար, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանին նման ոճով փորձում են նսեմացնել, հեգնել ու ծաղրել, իրեն էլ հետն են նսեմացնում, հեգնում ու ծաղրում: 

Բայց Բագրատյանը կուլ է տալիս այդ թուքումուրը և խուսափում արձագանքել:  «Չեմ քննարկում Առաջին նախագահին»: Ինչո՞ւ չես քննարկում: Քննարկիր: Խոսիր: Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ քո ներկայությամբ այդպես արհամարհական տոնով խոսեն Նախագահի մասին ու նրան հողեր հանձնող համարեն: Թե՞ հարմար չէր: Գնացել, դաշնակների ու Վազգեն Մանուկյանի կողքն եք կանգնել, հարթակ զբաղեցրել, կարող է, հարթակից դուրս շպրտեի՞ն, եթե սաստեիք խեղկատակին: Թե որ դուք չեք կարողանում ձեր ընկերոջը, ձեր վարչապետության օրոք հաղթանակներ տարած մարդուն պաշտպանել, դուք ո՞նց եք Հայաստան ու Արցախ պաշտպանելու կամ փրկելու: 

Ո՞նց էր ասում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսը. «Թո՜ւ, իսկականից՝ թո՜ւ»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ