...

Ճիշտը՝ սկսես քեռուց ու Ծառուկյանից

Ճիշտը՝ սկսես քեռուց ու Ծառուկյանից

Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս իրեն իրավապաշտպան հռչակած Ռուբեն Մելիքյանը որոշել է ֆեյսբուքի իր էջում անարգանքի սյանը գամել Սերժ Թանկյանին:

Ահա, ինչ է գրել Մելիքյանը. «Հարցն այն է, որ Սերժ Թանկյանը, ինքն իրեն արդարացնելով, հայտարարում է, որ «այն ժամանակ բոլորս էինք «հեղափոխության» կողմնակից։ Միայն օլիգարխներն էին դեմ: Փաստն այն է, որ օրինակ ես ԵՐԲԵՔ չեմ աջակցել «հեղափոխությանը», բայց, արի ու տես, ոչ մի օլիգարխ էլ չեմ։ Ավելին, սկսած 19 թվից շուրջ 2 տասնյակ շատ պարկեշտ մարդիկ, ամենևին պարտավոր չլինելով, կապվել են ինձ հետ ու ներողություն խնդրել՝ ինձ 18-ին չլսելու ու այս ազգային աղետի մասնակիցը դառնալու համար։ Ուստի, Սե՛րժ Թանկյան, մեղավո՛ր ես։ Ու գամվելու ես անարգանքի սյանը այնքան ժամանակ, քանի դեռ չես ապաշխարել։ Ու ընկերոջդ «համոզիչ» հաղթանակին չխաբվես։ Պարզապես մարդիկ չհավատացին, որ ընդդիմությունը բավարար չափով անկեղծ է։ Ի դեպ, նույն «սյանը» կարժանանան նաև ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք կհամարձակվեն «սիլի-բիլիներ» անել ամիսներ առաջ «դավաճաններ» հայտարարված մարդկանց հետ։ Հուսով եմ, ընդդիմության շարքերում նման անձինք չեն գտնվի»։

«ՉԻ». Սա նույն օպերայից է, ինչ՝ «Ալեքսանյանը չէ, իրա օգնական Արմանն է»:

Մելիքյանի քեռին՝ Նարեկ Սարգսյանը՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը, իսկական օլիգարխ է: Միայն օլիգարխը կարող էր ունենալ այն քանակի անշարժ գույք, որքան Սարգսյանն ունի: Իսկ վերջինս շատ մեծ միջամտություն է ունեցել քրոջ որդու կարիերայի առաջխաղացման համար: Այնպես որ՝ պետք չէ ավելորդ համեստություն ցուցադրել. փոքր քաղաք է, բոլորը բոլորին լավ ճանաչում են: Հիշում են, թե ինչ հեզիկ ՄԻՊ եք եղել՝ երբեք չպայքարելով մարդկանց իրավունքների համար: Վկան՝ Շուշիի բերդի կալանավորների պատմությունները:

Ահա, հենց այդ պատճառով էլ հանրությունը չհավատաց ընդդիմության անկեղծությանը: Այնպես որ՝ այստեղ նույնպես պետք չէ համեստություն դրսևորել, էլի ավանդ ունեք, որ հանրությունը չհավատաց ընդդիմությանը:

Սերժ Թանկյանին անարգանքի սյանը գամելուց առաջ մի քանի հարյուր սյուն պետք է տնկել ու նրանց վրա գամել Մելիքյանի այսօրվա պայքարի շատ ընկերների: Թանկյանը չի մարդկանց ունեցվածքը խլել, թողել առանց բնակարանի, որպեսզի տեղում էլիտար շենքեր կառուցի ու հարստանա: Հայտնի չէ, թե որքան մարդ է Հայաստանից հեռացել՝ տեսնելով Հյուսիսային պողոտայի ու Բուզանդի փողոցներում տեղի ունեցող անօրինականությունները և վայրագությունները: Իսկ դա իր հերթին բերել է Հայաստանի թուլացմանը և իմունիտետի կորսմանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության շարքերում նման մարդկանց գտնվելուն կամ չգտնվելուն: 17-ի շարժման ամենահզոր առաջնորդը գոնե հրապարակավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: Հիմա շաբաթը երկու անգամ այցելում է Նիկոլ Փաշինյանին: Այնպես որ՝ գտնվել են մարդիկ, մնում է՝ Մելիքյանը նրանց նույն եռանդով գամի անարգանքի սյունին, ինչ սփյուռքում ապրող, անշառ ու թիկնապահ չունեցող Թանկյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ