Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է, որ Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, որի մուտքը Հայաստան արգելվել է, օդանավակայանում հանդիպել չի թույլատրվել:
«Այն սրիկա Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյան էր, ինչ էր, եկել այստեղ ազգակործան հեղափոխություն էր անում: 2016-ին եկել այստեղ ամենածայրահեղ հակաիշխանական խայտառակություններն էին անում, որևէ մեկի մտքով անցա՞վ այդ սրիկաների մուտքը Հայաստան արգելել։ Հիմա դուք ի՞նչ իրավունք ունեք արգելել այս մարդկանց մուտքը Հայաստան: Այսինքն՝ երկու սորտի մարդի՞կ են Սփյուռքում ապրում»:
«ՉԻ». Սերժ Թանկյանի կամ Արսինե Խանջյանի սրիկա լինելու մասով Ռուբեն Մելիքյանի կարծիքին համաձայն չենք, բայց մնացածը ճիշտ է նկատել:
Արսինե Խանջյանը քանի անգամ եկավ Հայաստան, ակտիվորեն մասնակցեց մի շարք բողոքի ակցիաների, հանրահավաքների, թունդ քննադատեց այն ժամանակվա իշխանություններին, Սերժ Թանկյանն էլ 2018-ին եկավ, մասնակցեց հեղափոխությանը, ողջունեց այն, քննադատեց Սերժ Սարգսյանին:
Ու այս ամենի համար ոչ ոք նրանց մուտքը Հայաստան չի արգելել: Հիմա նույն բանը, ինչ Թանկյանն ու Խանջյանն արել են տարիներ առաջ, անում են դաշնակ գործիչները: Ավելի ճիշտ, մեզ հայտնի է միայն Մուրադ Փափազյանի դրվագը, որը Ֆրանսիայում Փաշինյանի այցի ժամանակ բողոքի ակցիա է արել: Այն երկու հոլանդահայեր դաշնակների մասով տեղյակ չենք՝ ինչ են արել: Բայց դա կապ չունի, արել են, թե չեն արել, նրանց մուտքը արգելվել է:
Այսինքն՝ այս հարցում Փաշինյանի իշխանությունը մի լեվել անցավ նախկիններին: Կամ պետք է իրավական հստակ հիմքեր ներկայացվեն, թե այս մարդկանց մուտքը Հայաստան ինչու է արգելվում, կամ էլ՝ շատ վատ հետևանքներ ունեցող քաղաքականություն են որդեգրել:
Հ.Գ. Մեկդ էն Անդրանիկ Թևանյանին փոխանցեք, որ սովորի, թե ինչպես են թեմային անդրադառնում: