...

Վանոյի լույսն ու ձեր ստվերը

Վանոյի լույսն ու ձեր ստվերը

Վանո Սիրադեղյանի մասին բարդ է գրելը: Մի կողմից՝ լիքը ասելու բան կա, բայց մյուս կողմից էլ՝ ինչ որ պետք է, նա արդեն ասել, պրծել է: Նրա մասին գրելիս հասկանում ես, որ նա մեր մասին արդեն գրել, վերջացրել է: 

Ուզում ենք նրա մասին հիշել, բայց հասկանում ենք, որ դա մի տեսակ անիմաստ է, քանի որ նա, այսպես թե այնպես, իր մասին ամեն օր հիշեցնում է: Հիշեցնում է մեկը մեկից սուր, մեկը մեկից արդիական խոսքով:

Վանո Սիրադեղյանը պետական գործիչ է, վառ քաղաքական դեմք, իրադարձությունները ճշգրիտ կանխատեսող, հեռատես մտավորական: Էս ամեն ինչը ճիշտ են ասում: 

Բայց Վանո Սիրադեղյանը նաև էս 30 տարվա ամենահզոր լակմուսի թուղթն է: Ընկերության, բարոյականության, եղբայրության, մարդկության լակմուսի թուղթը: Մեկի մասին կարծիք ձևավորելու համար կարելի է պարզապես այդ լակմուսի թղթով ստուգել: 

Օրինակ՝ էսօր ինչ-որ մարդիկ գնալու են Վանո Սիրադեղյանի ծննդավայր, նրա գերեզման այցելեն, ծննդյան տարելիցը հիշեն: Ձեռի հետ մտքեր են հայտնելու. ասելու են՝ արա, դե Վանոն ուրիշ էր, Վանոյի պես երկրորդը չկար, նրա պես հասնողը չկար, ինչ հզոր կերպար էր, ինչքան բան է արել Հայաստանի ու Արցախի համար: Հպարտանալու են, որ Վանոն ժամանակին իրենց մարդատեղ է դրել, մեկի գլուխն է շոյել: Ասողները պետական պաշտոնյաներ են լինելու, նրա երբեմնի կուսակիցները, նրա շվաքի ներքո Պլազայի մոդա գցողները: 

Բայց որ Վանոյի լակմուսի թղթով անցկացնես, մեջները բարոյականություն չես հայտնաբերի: Գոնե մի գրամ: Ու պիտի հարցնես. Վանոյին այդպես իբր հարգողներ, բա իրեն ինչո՞ւ այդպես չէիք հարգում ու փայփայում իր կենդանության օրոք: Ինչի՞ իր կողքին կանգնած չէիք: Էդ ձեր սրտաճմլիկ ճառերն ո՞ւմ են պետք, եթե Վանոյի համար մի քառակուսի մետր տարածք չգտաք Կոմիտասի պանթեոնում: Էդ Ծառուկյանին կարող եք հեկտարներով Հայաստան նվիրել, իսկ Վանոյին, որը մեզ թողել էր այդ Հայաստանը՝ սաղ-սալամաթ վիճակում, էդ Հայաստանից բան չէ՞ր հասնում: Էն ռոբիկ-սերժիկները նրան կենդանության օրոք էին հալածում, դուք՝ մեռնելուց հետո՞: Երբ դուք ձեր էդ հագի տրեխի ու կոստի համար եք նույնիսկ նրան պարտական:

Ավելին ասենք. էդ որ հիմա շատերը այսպես հիացական ճառեր են ասում Վանոյի մասին, իրականում ներքուստ տրաքվում ու նեղվում են նրա գոյությունից: Այնպես, ինչպես ռոբա-դաշնակա-հունանյանական աղբակույտերը: Որովհետև Վանոյի ամեն մի խոսք, գնահատական, որակում, կանխատեսում, ամեն օր հիշեցնում է իր մասին, իսկ ձեր ամեն... խոսք էլ չէ, բառաչ, խրխինջ, վայրահաչոց, զառանցանք, ամեն օր ձեզ ավելի է մոռացության տալիս: Էսօր մի բան դուրս տվեցիք, հաջորդ վայրկյանին դրա մասին հիշող չկա, որովհետև հնարավոր չէ հիշել մի բան, որի մեջ չկա միտք, խելք, գիտակցություն, ողջամտություն և սթափություն: 

Լավ, լավ, հերիք է, գնացեք, ձեր եթերներում ու լայվերում տրտինգ տվեք, մենք էլ Վանոյի ծնունդը շնորհավորենք: Շնորհավոր, Վանո:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1079 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ