...

Վանոյից վախենո՞ւմ եք

Վանոյից վախենո՞ւմ եք

Այս օրերին համացանցում նորից ակտիվորեն տարածում են Վանո Սիրադեղյանի հոդվածները, որոնցում նա ապշեցուցիչ ճշգրտությամբ կանխատեսումներ է արել, թե ինչ է սպասվում Հայաստանին 5, 10, 20 տարի հետո:
Մասնավորապես, այսօր մեր աչքով ընկավ այդ հոդվածներից մեկը, որը նա գրել էր դեռևս 2002 թվականին:

Մեջբերում ենք.

«Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երևանից շարժվելու են երկիրը շրջանցող երկաթուղիների կողմը: Մի բան Ղազախից առնելու-սաղացնելու են Սադախլոյում, մի բան Նախիջևանից առնել-տանելու են Իգդիր, մի մասն էլ շուլալվելու է Ախալքալաքի երկաթուղու մոտերքը:

Մի 3 հազար հայ միառժամանակ համբալություն կանի Ախալքալաքի ռուսական կայազորի մոտերքում, մի 5 հազարն էլ կօգտվի Գյումրվա ռուսական կայազորի պայոկից։

Ղարաբաղցիները ավանդաբար քոչած կլինեն Միջին Ասիա և Ռուսաստան: Եվ կբարգավաճեն, որովհետև նրանք երբեք այսչափ ստարտային կապիտալով չեն արտագաղթել: 

Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը, որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ։ Տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և, հայավարի, այդպես անորոշ մի ժամի (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ շուտ՝ աշխատավոր մարդու նման) զարթնեն ու փորձեն իրենց անտառներում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել, քերթել գառն ու կրակ գցել սամովարը:

Իսկ Երևանի շուկաներում էլի տեր ու տնօրեն կլինի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի:

Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի առավել ապահովաբար:

Բարգավաճող Ադրբեջանի՝ մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով - պատշար, ծեփագործ և հյուսն:

Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթև ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ, թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն - Շիրակը, Լոռին, Երևանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երևանի մյուս կեսը՝ պարսկական լվացքի փոշուն: Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:

Բայց

Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին»:

Իհարկե համոզված ենք, որ շատերն են կարդացել սա, շատերն են հերթական անգամ զարմանք հայտնել դիպուկ գնահատականների առթիվ: Բայց մենք ուրիշ բան ենք ցանկանում հասկանալ:

Հեղափոխությունից հետո շատերն էին հույսեր փայփայում, որ քոչարյանական ժամանակաշրջանում հալածանքների, ազատազրկման և բռնությունների ենթարկված մարդկանց գործերը կվերանայվեն, իրավական գնահատական կտրվեն դրանց, քաղբանտարկյալները կարդարացվեն, բռնությունների հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: 

Քաղբանտարկյալների առումով ինչ-որ երկչոտ քայլեր արվեցին, բայց, այսպես՝ ցաքուցրիվ, հատվածաբար, որոշ քաղբանտարկյալներ իսկապես արդարացվեցին, թեպետ, դժվար է ասել, թե իշխանությունները ինչ դեր են ունեցել այդ գործընթացներում: 

Բայց ահա Վանո Սիրադեղյանի դեպքում իշխանությունները 2,5 տարի ծպտուն չհանեցին: Իշխանություններից ոչոք Վանո Սիրադեղյանի վերադարձի թեմային չի անդրադարձել: ՆԳ նախկին նախարարի նկատմամբ քաղաքական և քրեական ապօրինի հետապնդումներին այդպես էլ չտրվեցին իրավական և քաղաքական գնահատականներ: Կարծես այդ մարդը գոյություն չի ունեցել, հետևաբար՝ իմաստ էլ չունի նրա հարցին անդրադառնալ: 

Որ նախկին իշխանությունները վախենում էին Վանո Սիրադեղյանի նույնիսկ ստվերից, դա պարզ է: Բայց տպավորություն է, որ այս իշխանություններն էլ են վախենում: Որովհետև ոչ մի բացատրություն չունենք, թե ինչու որևէ քայլ չի արվել նրան Հայաստան վերադարձնելու համար: Բոլորն էլ հասկանում են, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ծայրեծայր շինծու էր, կարված, հիմնված ընդամենը մի մարդու ցուցմունքի վրա, որը նախկին իշխանությունների հլու-հնազանդ սպասարկուն էր: Եթե հնարավոր է նախկինում սարքված բազմաթիվ քրեական գործեր վերանայել, ապա ինչո՞ւ մինչև հիմա Վանո Սիրադեղյանի գործը լրացուցիչ քննության չի ենթարկվել: 

Ի վերջո, խոսքը Երրորդ Հանրապետության հիմնադիրներից, առավել վառ ու ականավոր գործիչներից մեկի մասին է, որն անուրանալի դերակատարում է ունեցել թեկուզ հենց Ղարաբաղի պատերազմում: 

Հետաքրքիր է, որ այս հարցը լրագրողները երբևիցե չեն տալիս իշխանության ներկայացուցիչներին: Ինչի մասին ասես, որ չեն հարցնում, բայց կոնկրետ Սիրադեղյանի մասով կարծես երկկողմ պայմանավորվածություն կա՝ թեման լռության մատնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ