ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ հայտարարել է. «Հայաստանում Եվրոպական միության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկին, ամոթ է, ուշքի եկեք։ Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, ուշքի եկեք։ Դուք կոչված եք ծառայելու ժողովրդավարությանը, եվրոպական արժեքներին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի»։
«ՉԻ». Կյանքն ինչ բան է. Քոչարյանի օրոք հարյուրավոր քաղբանտարկյալների ազգականներ, հարազատներ, ընկերներ գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ էին անցկացնում նույն այս Եվրամիության շենքի առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Պահանջում էին ճնշում գործադրել իշխանությունների դեմ, եվրոպացիների մեղադրում էին ջայլամի քաղաքականություն տանելու, ընդդիմադիրների նկատմամբ հալածանքները չդատապարտելու, Հայաստանում բռնապետություն հաստատելու քաղաքականությանը չընդդիմանալու մեջ:
Հիմա արդեն քոչարյանականներն են նույն Եվրամիությանը քննադատում: Նույն մեղադրանքերն են ներկայացնում, նույն բաներն են վերագրում իշխանություններին, ինչի համար ժամանակին իրենց էին մեղադրում:
Բայց ամենազարմանալին այն է, որ քոչարյանականները Եվրամիության դեմ ակցիա են անում, քանի որ Հայաստանում դատական համակարգը դարձել է ընդդիմության դեմ գործիք, ու եվրոպացիները դա հանդուրժում են: Այնպիսի տպավորություն է, որ ներկայիս դատական համակարգն ու դատավորները օդից են եկել: Սա ձեր ստեղծած դատական համակարգն է, սրանք ձեր նշանակած դատավորներն են, որոնք ժամանակին Քոչարյանի համար էին անմեղ մարդկանց դեմ վճիռներ դակում, հիմա էլ այս իշխանություններին են սպասարկում: Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա եվրոպացիները նույն ձև են պահել իրենց:
Այստեղ կարող էր լինել մի երկու բառ սրած բզի մասին: